Փոխնախարար․ Շահառուն կարող է Կառավարության վարկային աջակցության ծրագրին առցանց դիմել

Փոխնախարար․ Շահառուն կարող է Կառավարության վարկային աջակցության ծրագրին առցանց դիմել

PanARMENIAN.Net - Կառավարության կողմից փոքր ու միջին բիզնեսին կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով տրվող աջակցության մասին հարցնել և ծրագրին դիմել հնարավոր է Ներդրումների աջակցման կենտրոնի ներքո գործող թեժ գծով և կայքի «Դիմում» կոճակով, հայտնել է Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը։

Յուրաքանչյուր հայտատու, ով համապատասխանում է պահանջներին, կարող է հենց առցանց հայտով դիմել։

Շահառուները կարող են ներբեռնել իրենց վարկային դրական պատմության մասին փաստող տվյալներ, առցանց ներկայացնել հարկային հաշվետվություն և լրացնել պահանջվող այլ տվյալներ, որից հետո լրացված տեղեկությունները պետք է հաստատվեն հայտատատուի էլեկտրոնային ստորագրությամբ։

Հայտն ուղարկելուց 2 օր հետո Ներդրումների աջակցության կենտրոնը կապ կհաստատի և կհաղորդի՝ որքանով է շահառուն համապատասխանում ծրագրին։

Փոխնախարար Մարգարյանը նշել է նաև, որ բիզնեսին աջակցման կարիքները գնահատելիս հասկացել են՝ կա խորհրդատվական աջակցության կարիք, և որոշվել է անցկացնել վեբինարներ։

Ապրիլի 1-ին մեկնարկում է 20 վեբինարի շարք, որոնք նախատեսված են բիզնեսին խորհրդատվություն տրամադրելու համար:

Վեբինարի ընթացքում գրանցված մասնակիցները կարող են հարցեր ուղղել խորհրդատուին, նախագծի մասին տեղեկություններ կարելի է ստանալ էկոնոմիկայի նախարարության կայքում, ֆեյսբուքյան էջերում։ Վեբինարները կձայնագրվեն և հասանելի կլինեն նաև հետագայում։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Հայաստանում ապրիլի 1-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 571-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 31 անձ, մահացել՝ 3։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար կառավարությունը աջակցության 8 փաթեթ է մշակել՝ 4-ը տնտեսական, մնացածը՝ սոցիալական բնույթի։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը