HRW. ՀՀ իշխանությունը COVID-19-ի պատճառով խախտում են մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը

HRW. ՀՀ իշխանությունը COVID-19-ի պատճառով խախտում են մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը

PanARMENIAN.Net - Հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները COVID-19-ի պատճառով խախտում են մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Կազմակերպության հայտարարությունն առնչվում է ՀՀ ԱԺ ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներին, որոնց համաձայն մեկուսացված և կորոնավիրուսով վարակվածներին հնարավոր կլինի հետևել՝ հեռախոսի օգնությամբ տեղորոշելով նրանց գտնվելու վայրը։

Ըստ կազմակերպության` լրացումները սահմանափակում են մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը և իշխանություններին հասանելի դարձնում գաղտնի առողջապահական տեղեկատվությունը, որը վերաբերում է կորոնավիրուսով վարակվածներին։

«Հայաստանի կառավարությունն արտակարգ իրավիճակի է բախվել հասարակական առողջապահության ոլորտում և տեխնոլոգիաները կարևոր դեր ունեն համապատասխան հաղորդագրությունները տարածելու և բժշկական օգնության հասանելիությունն ապահովելու գործում։ Միաժամանակ իշխանությունները պետք է վերանայեն այն միջոցները, որոնց կիրառումը խախտում է քաղաքացիների իրավունքները»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Գեորգի Գոգիան։

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, իշխանությունների կողմից հավաքագրված տեղեկատվությունը կարող է պարունակել անձնական տվյալներ, գտնվելու վայրի, վարքագծի ու գործողությունների վերաբերյալ։

«Թեև սահմանափակումները պանդեմիայի պայմաններում կարող են թույլատրելի լինել, կառավարությունը պետք է ապահովի, որ դրանք լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ»,- ասվում է հայտարարության մեջ։

Human Rights Watch-ում կարծում են նաև, որ կառավարությունը պետք է դիտարկի այդ տեղեկատվության հավաքագրման խիստ սահմանափակումը, նպատակները, որոնց համար պետք է օգտագործվի, ինչպես նաև այն անձանց, որոնց հասանելի է լինելու տեղեկատվությունը։ Բացի այդ, մարդիկ պետք է իրազեկվեն, որ իրենց տվյալները հավաքագրված են։

Կազմակերպությունը նաև ընդգծել է, որ եթե արտակարգ դրությունը երկար տևի, կառավարությունը պետք է կանոնավոր ստուգի, և եթե հարկավոր է` ոչնչացնի այն ձայնագրությունները, որոնք այլևս պետք չեն։

Փոփոխությունները հնարավորություն են տալիս կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։

Ըստ փոփոխության՝ օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։ Դրանք ենթակա են ապաանձնավորման ու հետագա ոչնչացման։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---