Նախարար․ 120 ընկերություն դիմել է ՓՄՁ աջակցման ծրագրին, 2020-ին տնտեսական կորուստներն էական կլինեն

Նախարար․ 120 ընկերություն դիմել է ՓՄՁ աջակցման ծրագրին, 2020-ին տնտեսական կորուստներն էական կլինեն

PanARMENIAN.Net - Կառավարության կողմից փոքր ու միջին ընկերություններին աջակցող ծրագրի շրջանակում արդեն ստացվել է 120-ից ավելի դիմում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1․4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջ, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա հայտնել է, որ էկոնոմիկայի նախարարությունը հարցում է արել 2020-ի մարտին գործունեությունը կրճատած կազմակերպություններին ու պարզել, որ կրճատման ծավալները զգալի են։

Նախարարի խոսքով՝ տարվա արդյունքներով կորուստներն էական են լինելու, սակայն դեռ վաղ է կանխատեսումներ անել՝ թվերի տեսքով։

Նա նշել է, որ Կենտրոնական բանկի կողմի կանխատեսումները, թե համաճարակը բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի վրա, ճիշտ են։

Խաչատրյանը համաձայնել է, որ կնվազեն ՌԴ-ից եկող տրանսֆերները՝ նշելով, որ նաև արտահանողներն են կորուստներ կրում։ Չնայած 2020-ի դժվարություններին՝ նախարարն ասում է՝ ՀՀ-ն կարող է վերականգնել իր պոտենցիալն ու տնտեսական ակտիվությունը։

Նա չի բացառել, որ Կառավարության մշակած ծրագրերը փոփոխություններ կրեն և ժամկետները վերանայվեն։

Խաչատրյանն անդրադարձել է նաև պարենային ապրանքների թանկացման մասին հարցին՝ նշելով, որ դրա արժեքը բարձրացել է նաև լոգիստիկ որոշ դժվարությունների և արտաքին շուկայի գների բարձրացման հետևանքով։

Նախարարը հերքել է վարկածը, թե առաջացած տնտեսական դժվարությունների պատճառով հնարավոր է՝ չվերադարձվեն ավանդները։

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար մշակել է 5 սոցիալական և 4 տնտեսական ծրագիր։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 73-ով: Ապաքինվել է 43 անձ։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---