Արցախում կորոնավիրուսի 1-ն դեպքն է հաստատվել. Վարակվածը ՀՀ-ից էր եկել

Արցախում կորոնավիրուսի 1-ն դեպքն է հաստատվել. Վարակվածը ՀՀ-ից էր եկել

PanARMENIAN.Net - Արցախից ՀՀ ուղարկված երկու փորձանմուշի հետազոտության արդյունքով պացիենտներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, փոխանցում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

«Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջինս ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ քաղաքացին, որը թեստավորվել է, եղել է ՀՀ-ից վերադարձող քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխված է եղել նույն բուժմիավորում՝ բռոնխիտի ախտանիշներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, այդ պատճառով ավելի վաղ նրա հետ առնչված բոլոր քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացել են՝ ընդհանուր 17 քաղաքացի: Այս պահին նրանք որևէ ախտանիշեր չունեն:

Արցախի Համաճարակաբանության և հիգենիայի կենտրոնը վարակակրի հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո օրեր առաջ ինքնամեկուսացված քաղաքացիների տներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ է իրականացրել:

Բնակավայրը շրջկենտրոնից գտնվում 39 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 89 կմ-ի վրա: Վերոնշյալ բնակավայրը քաղաքացուն մեկուսացնելուց հետո գտնվել է վերահսկողության տակ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 7-ի դրությամբ ավելացել է 20-ով, վարակվածների ընդհանուր թիվը 853 է։ Ընդհանուր առմամբ` ապաքինվել է 87 մարդ։ Մահվան ելքով դեպքերը 8-ն են։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---