Լևոն Տեր-Պետրոսյանը 6 նկատառում ունի՝ ստեղծված վիճակից դուրս գալու համար

Լևոն Տեր-Պետրոսյանը 6 նկատառում ունի՝ ստեղծված վիճակից դուրս գալու համար

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել «Պատերազմական վիճակի թելադրանքով» ծավալուն հոդվածով՝ վերլուծելով կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը և իր նկատառաումները ներկայացնելով այդ վիճակից դուրս գալու վերաբերյալ։ Հոդվածը հրապարակվել է ilur.am կայքում։

Հոդվածում մասնավորապես ասված է․

«Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Ի տարբերություն վերջիններիս՝ այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ․․․

Պատերազմները վարում են ոչ թե ժողովրդական զանգվածները կամ ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլ օրվա իշխանությունները՝ անկախ դրանց լավ թե վատ լինելու հանգամանքից։ Հասուն պետություններում պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը, գրված թե չգրված օրենքներով, սառեցվում է՝ հնարավորություն տալով իշխանություններին կենտրոնանալու բացառապես իրավիճակի վերահսկման ու հաղթահարման վրա։ Իմ տպավորությամբ, Հայաստանի իշխանությունները․․․հիմնականում կատարում են իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ ու հնարավոր քայլերը․․․

Սակայն մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ ․․․Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության»։

Նկատի ունենալով այս ամենը, ՀՀ առաջին նախագաը կարծում է, որ ներկայիս անբնական ու վտանգավոր ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը կարող են նպաստել մեծ ջանքեր չպահանջող հետևյալ անհրաժեշտ քայլերը.

«1. Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի եւ Առողջապահության նախարարի հրահանգներին եւ խստորեն կատարել նրանց հանձնարարականները։

2. Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։

3. Հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկներն արտահայտել ոչ թե հրապարակավ ու ցուցադրաբար, այլ ուղղակի հասցեագրել պարետատանը։

4. Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

5. Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին եւ իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը։

6. Հուսալ, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը։

․․․Ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը և փորձության ժամին բազմիցս դրսևորած համախմբվելու ունակությանը»,-ասվում է հոդվածում։

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր