Մասաչուսեթսում էլեկտրոնային վահանակներն ապրիլի 1-ից իրազեկում են Հայոց ցեղասպանության մասին

Մասաչուսեթսում էլեկտրոնային վահանակներն ապրիլի 1-ից իրազեկում են Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում ապրիլի 1-ից տեղադրվել են «Արվեստի խաղաղությունը» (Peace of Art) կազմակերպության էլեկտրոնային վահանակները։

Վահանակները կրում են հետևյալ ուղերձը՝ «1915-ին մենք փրկվեցինք Հայոց ցեղասպանությունից, միասին մենք կհաղթահարենք նաև Covid-19-ը»:

«Եթե hայ ազգը կարողացավ վերապրել ցեղասպանությունը ու վերածնվել մոխիրներից, ապա այժմ միասնաբար մենք կարող ենք նաև պայքարել և հաղթահարել COVID19՝ մարդկության գլխին ծառացած համաճարակը, որի դիմաց հավասար են բոլոր ազգերն ու դավանանքները, ուստի միավորվելով կհաղթենք վրահաս համաճարակներն ու արհավիրքները, ինչպես նաև կկանխենք ցեղասպանությունները, քանզի ոճիրը մի ազգի դեմ ոճիր է համայն մարդկության դեմ», - նշում է Կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանը:

«Արվեստի խաղաղությունը» անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը, որը հիմնվել է 2003-ին Բոստոնում, օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն՝ իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը՝ առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

 Ուշագրավ
Հարությունյանը հարցաքննվելու է Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով հարուցված քրգործի շրջանակում
Ըստ նրա՝ կարճ ժամանակում քաղաքական, ռազմական, սոցիալական, տնտեսական դժվարությունները հաղթահարվելու են