ԲՏԱՆ-ն համաձայնություն չի տվել Ucom-ի կողմից Veon Armenia-ի բաժնետոմսերի ձեռքբերմանը

ԲՏԱՆ-ն համաձայնություն չի տվել Ucom-ի կողմից Veon Armenia-ի բաժնետոմսերի ձեռքբերմանը

PanARMENIAN.Net - Ucom ընկերության կողմից Veon Armenia-ի բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերին ի պատասխան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից նշել են, որ գերատեսչությունը համաձայնություն չի տվել գործընթացին և հարցը քննարկման փուլում է, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ։

Նախարարությունից հայտնում են, որ համաձայնություն չեն տրվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին համապատասխան։

ԲՏԱՆ-ն արտակարգ դրության պայմաններում հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին հորդորել է ցուցաբերել պատասխանատվություն և առաջնորդվել օրենքով սահմանված կարգով։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Ucom ընկերության կառավարման անձնակազմը, տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել, իսկ պատճառն այն է, որ սեփականատերերը ցանկանում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը: 2019-ի դեկտեմբերի վերջին Veon Armenia ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ-ին՝ ընկերության բաժնետոմսերի 100% Ucom-ին փոխանցելու համաձայնություն ստանալու նպատակով։

Իր հերթին, Beeline-ից հայտնել են, որ Հայաստանում ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը և չի նախատեսում լքել այն:

«Հայաստանում Beeline-ը շարունակում է աշխատել սովորականի պես՝ կատարելով իր պարտականություններն հաճախորդների և շահակիրների առջև»,- նշել են ընկերությունում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---