Ավինյան․ Չինաստանից 100,000 թեստի ռեագենտ կներկրվի, ՀՀ-ն ամբողջությամբ կբավարարի թեստերի կարիքը

Ավինյան․ Չինաստանից 100,000 թեստի ռեագենտ կներկրվի, ՀՀ-ն ամբողջությամբ կբավարարի թեստերի կարիքը

PanARMENIAN.Net - Չինաստանից նախատեսվող թռիչքով 100,000 թեստի ռեագենտ կներկրվի ՀՀ և կհանձնվի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին, նախատեսվում է նաև հատուկ սարքավորում ներկրել, որը թույլ կտա ավտոմատացված ռեժիմով արտադրել ՀՀ-ում թեստեր, հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ այսպիսով ՀՀ-ն թեստերի կարիքը կկարողանա ամբողջությամբ բավարարել՝ ներառյալ նաև արդեն իսկ Չինաստանից ձեռք բերված 60,000 և Լեհաստանից սպասվող 20,000 թեստը։

Ըստ առաջնահերթությունների և կարիքների՝ ՀՀ-ում գործող այլ ինստիտուտների ևս թեստերի հումք և սարքավորումներ կտրամադրվի։

ԱԺ-ն քննարկում է արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 14-ը երկարացնելու հարցը։

Ավինյանը հիշեցրել է, որ թեստավորումներն արվում են հստակ ցուցումով, իսկ ապրիլի 11-ին ՀՀ-ն ունեցել է ռեկորդային՝ 680 թեստավորում։ Պարետի խոսքով՝ փորձ է արվում նաև ինքնամեկուսացման էֆեկտիվ ռեժիմի անցնել․ հնարավոր է ռապիդ թեստերի միջոցով ռիսկերի որոշակի նվազեցման փորձ արվի։

Ավինյանը նշել է, որ այժմ դրանք փորձարկվում են հաստատված վարակակիրների համար՝ ստուգելով թեստերի հավաստիությունը։

Ռապիդ թեստավորումից հետո պացիենտների մի մասը կինքնամեկուսացվի՝ կկիրառվեն նաև արդեն առկա վերահսկողական գործիքները։

Անդրադառնալով ռապիդ թեստերի հավաստիությանը՝ Ավինայնը հայտնել է, որ Հրվ․ Կորեայից ներկրված 60 ռապիդ թեստ է փորձարկվել, որոնցից 47-ը դրական արդյունք են եղել, 13-ը՝ բացասական, սակայն այդ 13 անձին կրկին կթեստավորեն ՊՇՌ թեստերով՝ ճշգրտությունը պարզելու համար։

Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 26 նոր դեպք է գրանցվել, վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1039-ի: Ապաքինվել է 211 անձ, 14 հոգի մահացել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---