ՀԱԵ թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին մեղադրանք է առաջադրվել օֆշորի գործով

ՀԱԵ թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին մեղադրանք է առաջադրվել օֆշորի գործով

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:

ԱԱԾ-ն հաղորդագրությունում, առանց անունների, նկարագրվում է գործարար Փայլակ Հայրապետյանի ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքիեպիսկոպոս Կճոյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ տարիներ առաջվա գործարքը, որի մասին առաջինը գրել էր «Հետքը»։ Նախկին վարչապետն ու արքեպիսկոպոսը հերքել էին առնչությունը գործարքին։ Գործով 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել Աշոտ Սուքիասյանը, ով դատապարտվել էր Հայրապետյանին խարդախությամբ խոշոր չափի գույքից զրկելու դատավճռով։

ԱԱԾ-ի ստացած փաստական տվյալներով, փոխանորդը, 2010 թ․ ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբր Աֆրիկայում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում $12 մլն չափով ներդրում կատարելու հումքը ՀՀ-ում վերամշակելու և վաճառելու պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին կատարել հիշյալ ներդրումը։ Այնուհետև հոգևորականն ու իր սանիկը ձեռք են բերել գարծարարին պատկանող մոտ 11․ 45 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, գրավադրել դրանք բանկերից մեկում և տնօրինել են մոտ $9 մլն և 361․5 մլն դրամ գումարի չափով վարկային միջոցներ՝ մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը:

Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:

Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013-ի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---