Գյուլի մոր էթնիկական ծագման մասին հարցը հուզել է նույնիսկ Եվրահանձնաժողովի պատգամավորներին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմական Հանրապետական կուսակցության անդամ Ջանան Արիթմանի հայտարարությունները Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի մոր հայկական ծագման մասին բուռն արձագանք են ստացել անգամ եվրոպական պատգամավորների շրջանում: Եվրահանձնաժողովի սոցիալիստական խմբի փոխնախագահ Հանս Սվոբոդան Ջանան Արիթմանի հայտարարությունները բնութագրել է որպես «ռասիստական, ազգայնամոլական եւ անընդունելի»:



«Նախ եւ առաջ, հարցը նրանում չէ, թե արդյոք Արիթմանի խոսքերը ճշմարիտ են, թե ոչ: Եթե անգամ նախագահ Գյուլի երակներում հայկական արյուն է հոսում, դա բոլորովին էլ հիմնավորում չէ: Ջանան Արիթմանը պետք է ներողություն խնդրի կամ հրաժարական տա»,- հայտնել է Հանս Սվոբոդան` ավելացնելով, որ այդպես են վարվում բոլոր ժողովրդավարական երկրներում, իսկ եթե նա ինքը չանի դա, ապա կուսակցության առաջնորդը պետք է պահանջի նրա հրաժարականը: «Այդ ամենն ապացուցում է, թե որքանով Հանրապետական ազգային կուսակցությունը եւ նրա ղեկավարությունը հեռու են եվրոպական ստանդարտներից»,- նկատել է եվրոպացի պատգամավորը: Սվոբոդայի խոսքերով, եթե անգամ Թուրքիայի նախագահը հայ է, դա դեռեւս ոչինչ չի նշանակում, քանի որ Թուրքիայի շատ քաղաքացիներ ունեն հայկական արմատներ:



«Նրանք բոլորն էլ Թուրքիայի լիիրավ քաղաքացիներն են: Օրինակ, Հիքմեթ Չեթինը քրդական արմատներ ունի: Ֆրանսիայի նախագահը Հունգարիայից է, իսկ շատ ֆրանսիական նախարարների նախնիները Աֆրիկայից են սերում: Իսկ այն նշանակությունը, որն Արիթմանը ներդրել է «հայ» բառի մեջ, անպատվություն է Թուրքիայի համար: Եվրոպայում քաղաքական գործիչները պարտավոր են պարզապես ներողություն խնդրել նման ռասիստական հայտարարությունների համար»,- ամփոփել է Սվոբոդան, հաղորդում է Today's Zaman թերթը:



Վերջերս ընդդիմական Հանրապետական ազգային կուսակցության անդամ, պատգամավոր Ջանան Արիթմանը վերջերս քննադատության է ենթարկել նախագահ Աբդուլլա Գյուլի վերաբերմունքը «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի հանդեպ: Նրա խոսքերով, քարոզարշավի կազմակերպիչներին ոգեշնչել է Գյուլի այցը Հայաստան: Բացի այդ, պատգամավորը ակնարկել է, որ երկրի նախագահի մայրը ազգությամբ հայ է: «Մենք տեսնում ենք, որ նախագահը օժանդակում է այդ քարոզարշավին: Աբդուլլա Գյուլը պետք է ոչ թե իր էթնիկական արմատների հետեւորդ, այլ հանրապետության նախագահ լինի, նոր թուրք ազգության առաջնորդ: Պարզեք նախագահի էթնիկական արմատները մայրական գծով եւ ինքներդ կտեսնեք»,- հայտնել է Արիթմանը: Բացի այդ, Արիթմանը առաջարկել է Գյուլին ԴՆԹ-թեստ հանձնել, որպեսզի հաստատի իր էթնիկական պատկանելությունը:



Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ի պատասխան տարածված լուրերին իր մոր հայկական ծագման մասին, հայտարարել է, որ իր նախնիները եւ մայրական, եւ հայրական կողմից զտարյուն թուրքեր եւ մահմեդականներ են եղել:



Բացի այդ, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի իրավաբանը դատարան է դիմել ընդդիմական Հանրապետական ազգային կուսակցության անդամ Ջանան Արիթմանի դեմ քրեական գործ հարուցելու հայցով: «Իր քաղաքական շահերից դրդված Արիթմանի տարածած ասեկոսեները, կասկած են հարուցել թուրք առաջնորդի հանդեպ: Նրա հայտարարությունները, որոնք հիմնված են ռասիզմի եւ խտրականության վրա, լուրջ վնաս են հասցրել Աբդուլլա Գյուլի ընտանիքի եւ անձի հեղինակությանն ու վարկին»,- ասվում է Թուրքիայի նախագահի իրավաբան Օմեր Քյուչուքոզքանի հանրագրում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---