Յուստ Լագենդիկ. Դիմելով դատարան` Աբդուլլա Գյուլը ցույց է տվել, որ իրեն անպատվել են խոսքերն այն մասին, որ իր մայրը հայ է

PanARMENIAN.Net - Թուրքիայի Հանրապետական ազգային կուսակցությունը պետք է ներողություն խնդրի կուսակցության անդամ Ջանան Արիթմանի խոսքերի համար: Վերջինս հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի մայրն ազգությամբ հայ է: Այդ մասին հայտնել է ԵՄ-Թուրքիա խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուստ Լագենդիկը: «Ինձ թվում է, որ կուսակցության ղեկավարը պարտավոր է հայտարարել, որ Արիթմանի խոսքերը չեն արտացոլում Հանրապետական ազգային կուսակցության դիրքորոշումը: Ինձ չի հետաքրքրում, թե արդյոք Գյուլի մայրը հայ է, թե` ոչ»,- հայտնել է Լագենդիկը` ավելացնելով, որ եթե անգամ Թուրքիայի նախագահի մայրը հայ է, ապա դրանում ոչ մի ամոթալի բան չկա: «Աբդուլլա Գյուլի փոխարեն ես ոչ մի ձեւով չէի արձագանքի այդ հայտարարություններին եւ դատի չէի տա Արիթմանին: Վախենում եմ, որ դիմելով դատարան` Աբդուլլա Գյուլը ցույց է տվել, որ ինքն անպատված է նրանով, որ իր մորը հայ են անվանել»,- հայտնել է Յուստ Լագենդիկը, հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը:



Վերջերս ընդդիմական Հանրապետական ազգային կուսակցության անդամ, պատգամավոր Ջանան Արիթմանը վերջերս քննադատության է ենթարկել նախագահ Աբդուլլա Գյուլի վերաբերմունքը «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի հանդեպ: Նրա խոսքերով, քարոզարշավի կազմակերպիչներին ոգեշնչել է Գյուլի այցը Հայաստան: Բացի այդ, պատգամավորը ակնարկել է, որ երկրի նախագահի մայրը ազգությամբ հայ է: «Մենք տեսնում ենք, որ նախագահը օժանդակում է այդ քարոզարշավին: Աբդուլլա Գյուլը պետք է ոչ թե իր էթնիկական արմատների հետեւորդ, այլ հանրապետության նախագահ լինի, նոր թուրք ազգության առաջնորդ: Պարզեք նախագահի էթնիկական արմատները մայրական գծով եւ ինքներդ կտեսնեք»,- հայտնել է Արիթմանը: Բացի այդ, Արիթմանը առաջարկել է Գյուլին ԴՆԹ-թեստ հանձնել, որպեսզի հաստատի իր էթնիկական պատկանելությունը:



Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ի պատասխան տարածված լուրերին իր մոր հայկական ծագման մասին, հայտարարել է, որ իր նախնիները եւ մայրական, եւ հայրական կողմից զտարյուն թուրքեր եւ մահմեդականներ են եղել:



Բացի այդ, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի իրավաբանը դատարան է դիմել ընդդիմական Հանրապետական ազգային կուսակցության անդամ Ջանան Արիթմանի դեմ քրեական գործ հարուցելու հայցով: «Իր քաղաքական շահերից դրդված Արիթմանի տարածած ասեկոսեները, կասկած են հարուցել թուրք առաջնորդի հանդեպ: Նրա հայտարարությունները, որոնք հիմնված են ռասիզմի եւ խտրականության վրա, լուրջ վնաս են հասցրել Աբդուլլա Գյուլի ընտանիքի եւ անձի հեղինակությանն ու վարկին»,- ասվում է Թուրքիայի նախագահի իրավաբան Օմեր Քյուչուքոզքանի հանրագրում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---