18 ապրիլի 2020 - 10:14 AMT
Ապրիլի 19-23-ը կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների վերադարձն այլ վայրերից և երկրներից

Ապրիլի 19-23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների վերադարձն այլ վայրերից և երկրներից: Անմիջապես դրանից հետո աշխատանքներ կտարվեն այժմ Մոսկվայում գտնվող մեր մյուս քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ, ասվում է Պարետատան հայտարարության մեջ։

Պարետատունը հիշեցնում է, որ ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը:

Ներկայումս պարետատունն Արտաքին գործերի նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապի մեջ է աշխարհի մոտ 50 երկրում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Կորոնավիրուսի հետագա տարածման հետևանքով հնարավոր չէ անմիջապես ապահովել նրանց բոլորի հայրենիք վերադարձը։ Առաջացած բարդությունները պայմանավորված են մի քանի հանգամանքեվ, այդ թվում՝ բոլոր վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորություններով, օդային տարածքների արգելքներով և կորոնավիրուսի լայն տարածում ունեցող երկրներում տեղաշարժվելու առողջապահական ռիսկերով:

Պարետատան կողմից ձեռնարկվող քայլերի արդյունքում մարտ 14-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել կամ համակարգվել է մի շարք երկրներից 21,206 ՀՀ քաղաքացու վերադարձը Հայաստան: Այս ուղղությամբ քայլերը կրելու են շարունակական բնույթ: Եվ անգամ այն դեպքերում, երբ հնարավոր չէ անմիջապես կազմակերպել վերադարձը, ձեռնարկվել են և ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները տեղում մեր քաղաքացիների կարիքները, այդ թվում՝ կեցությունը հոգալու ուղղությամբ:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման առաջին իսկ նշաններից հետո հնարավոր բոլոր միջոցներով ՀՀ կառավարությունը, Պարետատունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին՝ հստակ քայլեր ձեռնարկելով վերջիններիս տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: