Լավրով․ ԼՂ հարցով սեղանին փուլային տարբերակն է, 1 տարի առաջ նոր նախագծեր են դրվել

Լավրով․ ԼՂ հարցով սեղանին փուլային տարբերակն է, 1 տարի առաջ նոր նախագծեր են դրվել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի շրջանակում հայտարարել է, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է դրված։ Նա հավելել է, որ 2019-ի ապրիլին Մոսկվայում՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը նոր նախագծեր էին ներկայացվել, որոնք այժմ ակտիվ քննարկվում են։

2019-ի ապրիլի 15-ին Մոսկվայում ՀՀ ու ԱՀ ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունեցել։ Դրա արդյունքներով ընդունվել էր հայտարարություն, որում ընդգծվել էր շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում, ինչպես նաև՝ լրագրողների փոխայցելության ու ԼՂ-ում ու Ադրբեջանում կալանավորվածների հարազատների այցելությունների մասին։

«Այդ փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցում, ինչը ենթադրում է առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում, ԼՂ մերձակա մի քանի շրջանի ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում։ Վստահ եմ, որ երբ հասնենք այդ փաստաթղթերի ստորագրմանը, դա կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ ԱԽ բանաձևերի կատարման ուղղությամբ, որով պահանջվում էր դադարեցնել պատերազմն ու բանակցություններ սկսել։ Հիմա պետք է պայմանավորվել և հենց դրան ենք ուզում հասնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ»,- ասել է Լավրովը։

Անդրադառնալով ՄԱԿ ԱԽ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձևերին՝ Լավրովն ասել է, որ դրանք հայտնի փաստաթղթեր են, որոնք ընդունվել են մարտական գործողությունների ամենաթեժ պահին և առաջին հերթին ենթադրում էին ռազմական գործողությունների դադարեցում և անցում բանակցությունների։

«Այդ փաստաթղթերում, այո, ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Սակայն այդ փաստաթղթերում նաև կոչ կար պատերազմը դադարեցնելու և բանակցություններին անցնելու մասին»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 21-ին կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանս` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ ապրիլի 20-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսի ընթացքում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---