«Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին՝ առցանց քննարկման ընթացքում

«Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին՝ առցանց քննարկման ընթացքում

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կանցկացնի առցանց քննարկում, որը տեղի կունենա ապրիլի 24-ին՝ ժամը 19:30-ին՝ հարգելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակը և մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում՝ նրանց, ովքեր այսօր աշխարհում պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ:

Միջոցառման ընթացքում կհայտարարվեն նաև 2020-ի «Ավրորայի» հերոսների անունները:

Ապրիլի 24-ը միշտ էլ առանձնահատուկ է եղել բոլոր հայերի համար, բայց 2020-ին այն հատկապես ուշագրավ է, քանի որ լրանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և Հոլոքոստի 75-րդ տարելիցը, ինչպես նաև «Ավրորայի» 5-ամյակը:

«Այժմ, երբ կորոնավիրուսային նոր հիվանդության հետևանքով փոխվել է համաշխարհային օրակարգը, մենք չենք կարող սովորականի պես հավաքվել Մատենադարանում և ստիպված ենք փոփոխելու մեր ծրագրերն ու համապատասխանեցնելու ներկա իրավիճակին: Այդուհանդերձ, մենք միասին ենք, և այս առցանց միջոցառումը մեզ հնարավորություն կընձեռի մեծարելու 2020 թ. «Ավրորայի» հերոսներին, ինչպես նաև անդրադառնալու «Ավրորայի» հիմնական գաղափարներին՝ մեր ամուր հավատամքին, որ յուրաքանչյուր ոք արժանի է երկրորդ հնարավորության, և մեր նախնիներին փրկողների հանդեպ ունեցած երախտագիտությունը գործի վերածելու մեր հանձնառությանը:

Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ մենք շատերից ավելի լավ ենք գիտակցում, թե մարդիկ այսօր ինչ դժվարությունների միջով են անցնում: Մենք փայփայում ենք անձնական փորձով ձեռք բերված այն իմացությունը, որ գոյապահպանմանը հաջորդում է վերածնունդ, և ձգտում ենք մարդկության մեջ սերմանել այդ հույսը։ Այդպես ենք վարվել անցյալում և կարողանալու ենք այդպես վարվել կրկին՝ միասին»,-ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ։

Ապրիլի 24-ի առցանց միջոցառումը բաց է բոլորի համար: Քննարկումը տեղի կունենա անգլերեն՝ հայերեն և ռուսերեն թարգմանությունների ապահովմամբ: Zoom հարթակի հղում ստանալու համար մասնակիցները պետք է գրանցվեն կամ կարող են քննարկումը դիտել ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ: Հայերեն կամ ռուսերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն այն մասնակիցներին, որոնք գրանցվել են Zoom-ի միջոցով:

Առցանց քննարկման բանախոսներն են նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր և «Ավրորա» մրցանակի առաջին` 2016 թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: Քննարկումը տեղի կունենա Futures Studio քննարկումների հարթակում, որը կվարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---