Վարդենիս ելումուտը պարետի որոշմամբ կսահմանափակվի

Վարդենիս ելումուտը պարետի որոշմամբ կսահմանափակվի

PanARMENIAN.Net - Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ելքն ու մուտքը կսահմանափակվի:

Որոշվել է համայնք մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ սահմանել` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների ելումուտը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։

Բացառություն կարվի մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ն, Վարդենիսում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքի համար։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում կտեղադրվեն հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Վարդենիս համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումնիրականացնելու նպատակով։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործելու է մինչև ապրիլի 28-ը՝ ժամը 23։59-ը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Վարդենիսում գրանցել է կորոնավիրուսի նոր օջախ՝ այս պահի դրությամբ հաստատված 39 դեպք կա։

Սահմանափակվել է նաև «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ–ի աշխատանքը։ Գործում է միայն շտապ օգնության ծառայությունը և հրատապ, անհետաձգելի բուժսպասարկում իրականացվում։

Հիվանդանոցի 12 աշխատակցի թեստերը դրական են եղել։ Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, նրանց մի մասը ինքնամեկուսացած է, մյուսը՝ մեկուսացված։

Մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17–ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ–ի աշխատակցի մոտ այդ օրվանից չի գործում բուժհաստատությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---