Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդը փակ կլինի․ Ցեղասպանության զոհերի հիշատակը կարելի է հարգել տնից

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդը փակ կլինի․ Ցեղասպանության զոհերի հիշատակը կարելի է հարգել տնից

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիր մուտքը փակ է լինելու` անվտանգության նկատառումներից ելնելով, որոշումը կհաստատվի նաև Պարետատան կողմից, հայտնել է վաչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ դեպի հուշահամալիր մուտքը, ըստ էության, ապրիլի 21-ից է փակվում՝ անվտանգային և կազմակերպչական պատճառներով։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված։ Խիստ սահմանափակված է բնակչության տեղաշարժը, արգելված են հանրային վայրերում բազմամարդ հավաքները։

Աղաջանյանը հայտնել է, որ Ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին՝ ժամը 21։00-ին, երբ եկեղեցական զանգերի ներքո կմարվեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։ Նա նշել է, որ քաղաքացիներին կոչ կարվի նաև մարել բնակրանների լույսերը, պատուհանից բջջային հեռախոսի լույսերի վառումով խորհրդանշել միասնականությունն անմար կրակի շուրջ։

«Լուսավոր ոգեկոչման րոպեն կունենա նաև իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից` Լիանա Ալեքսանյանի և Կամո Սեյրանյանի կողմից «Արի իմ սոխակ» երգի կատարմամաբ։ Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 8-ից սկսած, քաղաքացիները կարող են ՀՀ-ից հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին, իսկ արտասահմանից՝ 037433191500 հեռախոսահամարին՝ իրենց անվամբ հաստատելով հեռակա մասնակցությունն օրվա խորհրդին։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին»,- հայտնել է Աղաջանյանը։

Նա նշել է, նաև, որ ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 10-ից, մեկնարկելու են ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդ։ Խոնարհումի արարողությունն ուղեկցվելու է դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամաբ։

Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի ապրիլի 24-ին՝ ժամը 22։00-ին: Այն ընդգրկելու է դասական և ժողովրդական ստեղծագործություններ և տևելու է մինչև լուսաբաց։

Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1401-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 609 է, մահացել է 24 հոգի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---