ԵԱՀԿ ՄԽ և ԱԳ նախարարներ․ Covid-19-ի պատճառով հետաձգվել է համաձայնեցված մարդասիրական միջոցառումների իրականացումը

ԵԱՀԿ ՄԽ և ԱԳ նախարարներ․ Covid-19-ի պատճառով հետաձգվել է համաձայնեցված մարդասիրական միջոցառումների իրականացումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տեսակոնֆերանսի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։

Ըստ դրա` Covid-19 համաճարակի հետևանքով առաջացած արտառոց իրավիճակի պատճառով հետաձգվել է նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումների իրականացումը:

«Հետաձգվել են նաև դեմ առ դեմ նախարարների հանդիպումներն ու համանախագահների այցերը տարածաշրջան՝ համաձայնեցված Ժնևում: Այնուամենայնիվ, այս գործունեությունը նախապատրաստելու համար անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են»,- գրում է Panorama.am-ը՝ ԵԱՀԿ կայքին հղումով։

Հայտարարության մեջ ասվում է, որ մարտի կեսերից սկսած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հաճախակի խորհրդակցություններ են անցկացրել հեռակա կարգով՝ ներառյալ ապրիլի 21-ի համատեղ տեսակոնֆերանսը, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են գլոբալ առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա և վերջին զարգացումները տեղում: Նրանք նաև դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հաջորդ քայլերը՝ համաձայն 2020 թվականի հունվարի 30-ին Ժնևում արված իրենց համատեղ հայտարարության:

Համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու և ներկայիս միջավայրում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կողմերին կոչ արել միջոցներ ձեռնարկել՝ լարվածության հետագա նվազեցման ուղղությամբ: Նրանք նաև շնորհակալություն են հայտնել ներկայիս պայմաններում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքի համար և շեշտել են մոնիտորինգի հնարավորինս արագ վերսկսման անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց այժմ բախվում է ամբողջ բնակչությունը՝ անկախ քաղաքական սահմաններից, արտաքին գործերի նախարարներն ու համանախագահները հույս են հայտնել, որ «գլոբալ համաճարակին ի պատասխան ցուցաբերված վճռականությունը կբերի նոր ստեղծագործ ու կառուցողական խթան խաղաղ գործընթացին»։

Համանախագահներն ուշադրություն են հրավիրել մարտի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` առողջապահական ներկայիս ճգնաժամի ընթացքում գլոբալ հրադադարի պահպանման կոչին ու իրենց մարտի 19-ի հայտարարությանը:

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ և մասնակցությամբ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---