Պարետն օդաչուների, մեքենավարների և վարորդների մեկուսացման մասին որոշում է կայացրել

Պարետն օդաչուների, մեքենավարների և վարորդների մեկուսացման մասին որոշում է կայացրել

PanARMENIAN.Net - Պարետ Տիգրան Ավինյանը որոշում է կայացրել օդաչուների, գնացքների մեքենավարների և վարորդների մեկուսացման կամ ինքնամեկուսացման վերաբերյալ։

Որոշմամբ ՀՀ տարածք մուտք գործող անձինք սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի (այսուհետ՝ ՍԲՍՀԿ) աշխատակիցների կողմից հատուկ զննություն պետք է անցնեն (հեռահար ջերմաչափում, արտաքին զննում, անհրաժեշտության դեպքում՝ հարցում վարակին բնորոշ կլինիկական ախտանշանների մասին)։

Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների (այդ թվում` նրանց, ովքեր բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը), գնացքների մեքենավարների, ինչպես նաև օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի մոտ ախտանշանների առկայության դեպքում (այդ թվում՝ 37 աստիճանից բարձր ջերմության առկայություն կամ այլ ախտանշաններ) վերջիններս հոսպիտալացվում են:

Ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝

1) միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները ՀՀ տարածք մուտք գործելուց հետո մեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը՝

ա. սահմանային մաքսային մարմիններում լրացված տարանցիկ հայտարարագրերում որպես նշանակման վայր նշված՝ ապրանքների ժամանակավոր պահպանության վայրերում,

բ. բեռի ներմուծողի կողմից նախանշված վայրում, եթե Պետական եկամուտների կոմիտեի գրավոր թույլտվության հիման վրա այդ վայրը նշվել է որպես սահմանային մաքսային մարմնում լրացված տարանցիկ հայտարարագրով տեղափոխվող բեռի նշանակման վայր,

գ. բեռնաթափման վայրի տարածքում, եթե բեռը «մաքսային տարանցում» ընթացակարգով ՀՀ է ներմուծվել ԵԱՏՄ անդամ երկրներից,

դ. բարձման վայրի տարածքում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքից բեռը արտահանվում է այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով։

ե. Նշված վայրերում մեկուսացման համապատասխան պայմանների բացակայության դեպքում բեռնափոխադրում իրականացնող վարորդները ինքնամեկուսանում են բեռնափոխադրում իրականացնող կազմակերպության կողմից իր վարորդների մեկուսացման համար առանձնացված վայրում կամ տրանսպորտային միջոցի՝ վարորդի համար նախատեսված խցիկում։

2) Գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները հերթափոխից հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ հերթափոխ:

3) Օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմը մեկուսացվում է մինչև հաջորդ թռիչքը: Օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու թույլտվություն ստացած օդանավի անձնակազմի մեկուսացումն իրականացվում է այդ նպատակով առանձնացված վայրում դիմավորող անձի կողմից՝ ոստիկանության հսկողությամբ:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---