Ֆորս մաժորին հղումով կոմունալները չվճարել այլևս չի կարելի

Ֆորս մաժորին հղումով կոմունալները չվճարել այլևս չի կարելի

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ից բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած։ Այդ մասին ասվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարության մեջ։

Հանձնաժողովը հաշվի է առել, որ․

- ՀՀ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են,

- ներկայումս հանրապետությունում, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով, յուրաքանչյուր բնակավայրում գործում է գոնե մեկ փոստային բաժանմունք,

- ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը։

«Նշվածը, սակայն, չի սահմանափակում սպառողի իրավունքը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան հիմնավորումների պարագայում դիմել մատակարարին կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։

Նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։ Հաշվի առնելով նշվածը՝ հանձնաժողովը կոմունալ ծառայությունների անխափան և հուսալի մատակարարման նպատակով հորդորում է բոլոր բաժանորդներին կատարել վճարումները»,-ասվում է հայտարարության մեջ։

Այն բնակիչները, որոնց փետրվար ամսվա բնական գազի ծախսը կազմել է 10,001-ից 30,000 դրամ, իսկ էլէներգիայի ծախսը՝ 5001-ից 10,000 դրամ, Կառավարության կողմից ստացել են 30%-ի չափով աջակցություն։

Այն քաղաքացիները, որոնց փետրվարի գազի ծախսը կազմել է 10,000 դրամից ոչ ավելի, իսկ էլեկտրաէներգիայինը՝ մինչև 5000 դրամ, կստանան 50%-ի չափով փոխհատուցում են ստացել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---