«Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»․ Սարգսյանի հրաժարականից 2 տարի է անցել

«Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»․ Սարգսյանի հրաժարականից 2 տարի է անցել

PanARMENIAN.Net - 2018-ի ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց այն օրեր առաջ ստանձնած Սերժ Սարգսյանը։

Նա վարչապետ էր ընտրվել 2018-ի ապրիլի 17-ին՝ ԱԺ-ում 77 կողմ և 17 դեմ ձայն ստանալով՝ Երևանում ու ՀՀ մարզերում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին։

2008-ից իշխանությունը ստանձնած Սարգսյանն ավելի վաղ խոստացել էր, որ չի առաջադրվի վարչապետի պաշտոնում, սակայն չէր կատարել խոստումը։ Նա երկու անգամ հաղթել էր նախագահական ընտրություններում՝ 2008-ին և 2013-ին, և ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը։

2018-ի մարտի 31-ից այն ժամանակ դեռ խորհրդարանական «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սկսել էր քայլարշավը՝ ընդդեմ Սարգսյանի վարչապետության: Նրան էին միացել հազարավոր մարդիկ՝ ՀՀ տարբեր շրջաններից։ Երկրում մի քանի օր շարունակ փակ էին միջմարզային ճանապարհները, մայրաքաղաք Երևանի գրեթե բոլոր փողոցները․ ցուցարարները ևս պահանջում էին որ Սերժ Սարգսյանը չստանձնի վարչապետի պաշտոնը։

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին հայտարարություն տարածեց՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալվել է։

«Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»,- ասվում էր Սարգսյանի հայտարարության մեջ։

Դրանից հետո ՀՀ խորհրդարանը մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում 59 կողմ ձայնով ընտրեց Նիկոլ Փաշնյանին։ Դրանից առաջ մայիսի 1-ին ԱԺ-ում քվեարկությամբ Փաշինյանը չէր ստացել բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկել էր 45 պատգամավոր:

Հրաժարականից հետո Սարգսյանը մասնակցել է հատուկենտ հանրային միջոցառումների, սակայն հեղափոխությանն ու 2018-ի իրադարձություններին (ինչպես նաև այլ թեմաների) ծավալուն անդրադարձ մինչև օրս չի կատարել։ Սարգսյանի դեմ այժմ քրգործ կա, նա մեղադրվում է դիզվառելիքի մատակարարման համար մոտ կես միլիոն դոլարի հափշտակման համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---