Թուրքիայում քրեական գործ է հարուցվել «Հայեր, ներե'ք մեզ» ակցիայի հեղինակների հանդեպ

PanARMENIAN.Net - Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել «Հայեր, ներե'ք մեզ» ինտերնետ-ակցիայի գործով, որի ընթացքում թուրք մտավորականության շուրջ 25 հազար ներկայացուցիչներ ներողություն խնդրեցին հայ ժողովրդից 1915 թ. իրադարձությունների համար: Վեց դատախազներ հայտարարություն են ստորագրել, որտեղ կոչ են անում քրեական պատասխանատվության կանչել կոչի հեղինակներին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով` «թուրք ազգի բացահայտ վիրավորանք» ձեւակերպմամբ, գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:



Կոչը զետեղվել էր Ինտերնետում դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրվա ընթացքում հավաքել էր շուրջ 8 հազար ստորագրություն: Տվյալ պահին ստորագրվածների թիվը հասնում է 27 հազարի: Այս նախաձեռնության հեղինակները Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարն է, պրոֆեսոր Բաշկան Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: «Ես չեմ կարող համաձայնվել Օսմանյան Թուրքիայում հայերին պատուհասած այս աղետի հանդեպ անտարբերության եւ նրա ժխտման հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի ցավը եւ ներողություն են խնդրում նրանցից»,-ասվում է կոչում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---