23 ապրիլի 2020 - 12:26 AMT
Ավինյան․ Վիրուսի տարածումը դեռ վերահսկելի է, որ շարունակվի՝ տնտեսական տարբեր ոլորտներ կգործարկվեն

Կորոնավիրուսի տարածման տենդենցն այս փուլում վերահսկելի է, եթե նման կերպ շարունակվի, տնտեսական գործունեության տարբեր տեսակներ կսկսեն բացվել, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը հիշեցրել է, որ հանվել են մարզային անցակետերը, և այդ ուժերը կենտրոնացվելու են այն հատվածներում, որտեղ կա վերահսկողության կարիք։ Պարետը նշել է, որ համայնքներում բռնկման դեպքում կօգտագործվեն համայնքային սահմանափակումներ։

«Ինչպես խոստացել էինք՝ փուլային տարբերակով, կամաց-կամաց մենք գնում ենք դեպի բացում, միաժամանակ, մեր տեղորոշման համակարգերն ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։ Ամբողջապես այս համակարգը տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն։ Այնտեղից համաճարակաբանները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ու ծրագրավորողներն աշխատում են, և այս համակարգը փոխլրացնում է Համաճարակների վերահսկմնա և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը: Այս փուլում, կարելի է ասել, դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, եթե այսպես շարունակվի, կարծում եմ, կրկին կշարունակենք տնտեսական տարբեր գործունեություններ վերաբացել»,- ասել է նա։

Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1523-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 50-ով: Բուժվել է 659 հոգի, մահվան 24 դեպք կա։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մի շարք տնտեսական ոլորտների գործունեություն ապրիլի 23-ից կվերսկսվի, որոշ ոլորտներում կշարունակվեն կիրառվող սահմանափակումները։ ՀՀ-ում ներդրվել է նաև հնարավոր վարակակիրների տեղորոշման գործիքներ։ Նրանց կարելի է նույնականացնել հավելվածի միջոցով կամ, օրինակ, կատարած զանգերով։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից http://www.panarmenian.net/arm/news/278874/