24 ապրիլի 2020 - 12:19 AMT
Եսայան եղբայրները նոր ընկերություն են գրանցել

Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Ucom ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները նոր ընկերություն են գրանցել՝ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայկ Եսայանը։

«2020 թվականի ապրիլի 20-ին ես և Ալեքսանդր Եսայանը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ենք գրանցել։ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ-ն հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում»,- ասվում է գրառման մեջ։

Եսայանները, որոնք ունեն Ucom-ի մոտ 6 տոկոս բաժնեմաս, առաջարկել էին գնել ընկերության 94%-ը 34 մլրդ դրամով։ Ապրիլի 9-ին հայտնի էր դարձել Եսայանների՝ ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին։ Որպես պատճառ նշվում էր այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, պատրաստվում էին «Վեոն Արմենիայի» հետ միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։