24 ապրիլի 2020 - 12:30 AMT
Փայլան․ Հայոց ցեղասպանությունը պիտի քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը համոզված է, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին այդ թեման պիտի քննարկվի Թուրքիայի խորհրդարանում։ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ընդդիմադիր պատգամավորն այս մասին հայտնել է թուրքական Evrensel թերթի հետ զրույցում, գրում է Ermenihaber-ը։

«Այդ ամենը մեր վերքերը չեն ապաքինում։ Անհրաժեշտ է, որ մեր երկրի խորհրդարանում այդ հարցը քննարկվի։ Աշխարհասպյուռ հայությունը արդարությունը պիտի կարողանա գտնել հենց Թուրքիայի խորհրդարանում։ Ես խորհրդարանին առաջարկելու եմ առերեսվել Հայոց ցեղասպանության հետ և արդարացի անվանում տալ կատարվածին», - նշել է Փայլանը՝ անդրադառնալով այլ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպասպանության մասին բանաձևերի ընդունմանը:

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում։ Հայ ժողովուրդը և նրա մշակութային արժեքները ոչնչացվել են։ Ավաղ, 105 տարի շարունակ անցյալի հետ առերեսում չի եղել, դեռ մի բան էլ ժխտողական քաղաքականությունն է շարունակվել»,- շեշտել է Փայլանը։

Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության համար պատասխանատու երիտթուրք ղեկավարներից Թալեաթի և Էնվերի անուններով դեռ պողոտաներ ու զբոսայգիներ կան։ Թուրքիայում կործանարար նույն քաղաքականությունը, ըստ Փայլանի, այսօր էլ շարունակվում է կիրառվել քուրդ ժողովրդի նկատմամբ։

Նա նաև հիշեցրել է, որ սկսած 2013-ից՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ին, բայց ոչ մի անգամ չի խոսել ցեղասպանության հանցագործների մասին։

«Ցավակցելով հանդերձ 105 տարի անց էլ ինքն է հալածանքները շարունակում։ Բանտերում չպետք է լինեն քաղաքական գործիչներ, լրագրողներ»,- եզրափակել է նա:

Ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը, ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: