24 ապրիլի 2020 - 13:31 AMT
Արայիկ Հարությունյան․ Հայ դատի պահանջը վաղեմության ժամկետ չունի

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, գրել է, որ արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության, բայց Հայ դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցեմ համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահիս ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ եմ համարում:

…Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում և պայմաններ: Սա է իմ և մեր տեսլականը:Հիշում ենք և պահանջում»,- ասվում է գրառման մեջ:

Ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը, ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, իսկ ապրիլի 24-ի ավանդական երթին դեպի Ծիծռենակաբերդի բարձունք կփոխարինի «վիրտուալ երթը»՝ անուն-ազգանունով հաղորդագրությունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին։