24 ապրիլի 2020 - 13:33 AMT
Փաշինյան․ Առավոտից վիրտուալ երթով Ծիծեռնակաբերդ է «այցելել» մոտ 90,000 մարդ

Ապրիլի 24-ի վաղ առավոտից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վիրտուալ երթին մասնակցել է մոտ 90,000 մարդ։ 1915 համարին արդեն 85,575 հաղորդագրություն է ստացվել հիշատակ երթի խորհրդանշական անուններով, ևս 3715 անուն էլ ստացվել է արտերկրում բնակվողների համար գործող 0037433191500 համարին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին»,- գրել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ անհրաժեշտ է հաղորդագրությունը գրել հայատառ, նշել միայն մեկ անուն և ազգանուն։

Վարչապետը հիշեցրել է նաև, որ մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն, Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է։

Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվարկվում է տվյալ երկրի և ՀՀ կապի օպերատորների պայմաններով։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է և սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար, համաճարակով պայմանավորված, ընտրվել է վիրտուալ երթ իրականացնելու տարբերակը։