12 հունվարի 2009 - 16:58 AMT
Հայաստան է ժամանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը
Հունվարի 12-ին սկսվում է Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այցը Հայաստան: «Այցը տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում եւ անցած տարվա դեկտեմբերին Ղազախստանում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպման որոշումների իրականացմանն ուղղված միջոցառումների քննարկման նպատակով»,-հաղորդել է Նիկոլայ Բորդյուժան Երեւան մեկնելուց առաջ:

«Հայաստանի Հանրապետությունը նախագահում է կազմակերպությունում եւ մեզ համար առանձնապես կարեւոր է նրա դիրքորոշումը ՀԱՊԿ գործունեության կատարելագործման հարցերի վերաբերյալ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որն այժմ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է, մենք մանրակրկիտ կերպով կքննարկենք նախապատրաստությունը գագաթնաժողովին, օրակարգի նախագիծն ու քննարկման դրվող հարցերը»,-ընդգծել է Ն.Բորդյուժան:

ՀԱՊԿ մամլո քարտուղար Վիտալի Ստրուգովեցը հստակեցրել է, որ ուղեւորության ընթացքում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը կհանդիպի նաեւ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության քարտուղարի հետ, հաղորդում է Ղազինֆորմը: