12 հունվարի 2009 - 17:32 AMT
Շահան Քանդահարյան. Թուրքիան հայտնվել է երկու քարի արանքում` մի կողմից Իսրայելն է, մյուս կողմից` ողջ արաբական աշխարհը
Լիբանանում մտահոգված են վերջին զարգացումներով Գազայի տարածքում: Մտավախություն կա, որ ստեղծված իրավիճակը կարող է դուրս գալ Գազայի տարածքից եւ հասնել Լիբանանի սահմաններին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել Լիբանանի «Հայ դատի» գրասենյակի անդամ Շահան Քանդահարյանը: Նրա խոսքերով, խուճապը բնակչության շրջանում սկսվեց այն բանից հետո, երբ Լիբանանի տարածքից հրթիռակոծվեց Իսրայելի հյուսիսային տարածքը: «Դրանից հետո, իսրայելյան կողմը ի պատասխան հրթիռակոծեց Լիբանանի տարածքը: «Հեզբոլլահը» պաշտոնապես հերքեց իր մասնակցությունն այդ գործողություններին: Միաժամանակ, Լիբանանի բանակը, երկրի պաշտպանության նախարարությունն ու համապատասխան կառույցները դատապարտեցին այդ գործողությունները եւ կոչ արեց անհապաղ գտնել նախաձեռնողներին»,-հաղորդել է Շ.Քանդահարյանը:

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը` Քանդահարյանը նշել է, որ արաբական երկրները դրական են գնահատում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Գազայում իրավիճակի վերաբերյալ: «Պետք է նկատի ունենալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունը, որը Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը գնահատեց որպես հանցագործություն մարդկության դեմ: Պետք է հաշվի առնել, որ նման հայտարարությունն ամենակոշտ ուղերձն է պաշտոնական Թել Ավիվին ոչ արաբական երկրի կողմից: Սակայն, ըստ իս, նման հայտարարություն արվեց հանգստացնելու համար թուրք հանրությանը, քանի որ Թուրքիայի քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներն արդեն իրենց բողոքն են հայտնել Իսրայելի գործողությունների դեմ»,-նշել է Շ.Քանդահարյանը` հավելելով, որ Գազայում պատերազմի առաջին իսկ օրերին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը հայտարարեց, որ ռազմական գործողությունների վերսկսումը անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է Անկարայի հանդեպ, քանի որ Թուրքիան միջնորդի դեր է ստանձնել Սիրիայի եւ Իսրայելի միջեւ բանակցություններում:

«Թուրքիան այժմ բարդ իրավիճակում է: Մի կողմից նա պետք է սիրաշահի իր ռազմավարական գործընկեր Իսրայելին, մյուս կողմից` արաբական աշխարհին: Բացի այդ, Անկարային հարկավոր է հարթել լարված իրավիճակը թուրքական հասարակության մեջ: Ողջ այս պատկերը բարդ խճանկար է հիշեցնում»,-եզրակացրել է Լիբանանի «Հայ դատի» գրասենյակի խորհրդի անդամը:

«Ձուլած արճիճ» գործողությունը սկսվեց 2008 թվականի դեկտեմբերի 27-ին: Իսրայելի ՌՕՈՒ-ի կողմից մեկ շաբաթ տեւած Գազայի ռմբակոծությունից հետո, հունվարի 3-ին Իսրայելի իշխանությունները հայտարարեցին ցամաքային գործողություն սկսելու մասին եւ զրահատեխնիկա մտցրեցին Գազայի սեքտոր: Այդ գործողության հետեւանքով զոհվածների թիվը գերազանցեց 900: Ըստ Գազայում Պաղեստինի «շտապ օգնության» ղեկավար Մուավի Հասանեյնի, սպանվել է շուրջ 905 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է 3950-ի, հաղորդում է AFP գործակալությունը: Հասանեյնը նշել է, որ զոհվածների թվում 277-ը երեխաներ են: Վիրավորների թիվը հասնում է 4075, որոնցից 400-ը ծանր վիճակում են: