Վիվա-ՄՏՍ-ը 500 սմարթֆոն է նվիրաբերել հեռավար կրթության համար

Վիվա-ՄՏՍ-ը 500 սմարթֆոն է նվիրաբերել հեռավար կրթության համար

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը վերանայել է սոցիալական ուղղվածության ծրագրերի ցանկն ու կայացրել իրավիճակից բխող որոշում։ Covid-19-ի դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակում, ընկերությունը 500 սմարթֆոն է նվիրաբերել ԿԳՄՍ նախարարությանը։

Xiaomi նոր սմարթֆոնները տրամադրվում են բոլոր մարզերի այն դպրոցներին, որտեղ սովորում են ծրագրի շահառու աշակերտները։ Թիրախային խմբում են միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, երկու և ավելի դպրոցական ունեցող ընտանիքները։

ԿԳՄՍ նախարարության հետ գործակցության շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ը հասանելի է դարձրել բազմաթիվ գործիքներ՝ կրթական առցանց հարթակներ ու բջջային հավելվածներ: Ընկերությունն այժմ աջակցում է հերթական՝ տեխնիկական սարքերի տրամադրման ծրագրին։ Սմարթֆոնների բաշխման գործընթացն արդեն մեկնարկել է: Առաջին խմբաքանակը ստացել է Շիրակի մարզը։ Ծրագրում ներառված են բոլոր մարզերը։ Ճկուն լուծումներ ընձեռող սմարթֆոնները, համացանցային հարթակներն ու հավելվածների հասանելիությունը կարևոր գործիք են դարձել ուսումնական գործընթացի համար։

«Իրավիճակով պայմանավորված՝ հեռավար ուսուցումը դարձել է օրակարգային։ Մենք այնպիսի շրջան ենք ապրում, երբ բոլորից պահանջվում են արագ ու իրավիճակային լուծումներ ու որոշումներ, համակարգված աշխատանք և փոխգործակցություն՝ հեռավար կրթությունը բոլորին հասանելի դարձնելու, կրթության ընդհատում թույլ չտալու, կրթության ոլորտի մասնագետներին առավելագույնս աջակցելու համար։ Այս և մի շարք այլ ծրագրերով վերահաստատում ենք մեր ընկերության՝տարիների պատասխանատու մոտեցումը։ Ձգտում ենք լինել այնտեղ, որտեղ կա մեր օգնության անհրաժեշտությունն ու հնարավորությունը։ Վստահ եմ, որ միասին կհաղթահարենք այս մարտահրավերն ու կվերադառնանք բնականոն կյանքի»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Հեռավար կրթության կազմակերպման առաջին օրերից, մարզերի հետ աշխատանքի արդյունքում, կարողացանք շատ արագ հավաքագրել այն երեխաների տվյալները, որոնք չունեն տեխնիկական միջոցներ` դասընթացներին մասնակցելու համար։

ԿԳՄՍՆ-ն գործակցության կոչով դիմեց գործընկեր կազմակերպություններին. Վիվա-ՄՏՍ ընկերությունն առաջիններից էր, որ արձագանքեց մեզ` նախարարությանը, տրամադրելով 500 նոր սմարթֆոն։ Մենք որդեգրել ենք սարքերի տրամադրման հետևյալ սկզբունքը. ապահովել, նախ, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների դպրոցականներին։ Առաջին 50 հեռախոսները տրամադրվել են Շիրակի մարզի աշակերտներին։ Շնորհակալ ենք Վիվա-ՄՏՍ-ին` արագարձագանքելու և կրթության կազմակերպման գործում իր ներդրումն ունենալու համար»,-ասել է ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։

Մարզերից ստացված տվյալների համաձայն, ԿԳՄՍՆ-ն ազդարարել էր, որ հեռավար կրթություն ապահովելու համար, հանրապետության մարզերի դպրոցներում կա 24,000 սարքի անհրաժեշտություն։ Դրանց համալրման գործընթացում ներգրավվել են տարբեր ընկերություններ։ Իրականացվում են անհրաժեշտ քայլեր՝ օր առաջ բոլորին օգտակար լինելու համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---