Ucom-ը՝ աշխատակիցներին. Կայուն ենք, կրճատումներ չեն սպասվում

Ucom-ը՝ աշխատակիցներին. Կայուն ենք, կրճատումներ չեն սպասվում

PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը չի նախատեսում քննարկման առարկա դարձնել աշխատակիցների գործողությունները ճգնաժամային օրերին՝ այդ ամենը թողնելով անցյալում: Այդ մասին ասվում է ընկերության տնօրենների խորհրդի նամակում, որն ուղարկվել է աշխատակիցներին ստեղվծած իրավիճակի հանգուցալուծման և բիզնես շարունակականության ապահովման վերաբերյալ տեղյակ պահելու նպատակով:

Ընկերությունից հայտնել են, որ աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումի հետկանչի հնարավորություն ունեն նշված ժամկետներում, քանի որ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման դիմումի հետկանչի եռօրյա ժամկետը լրացել է, բայց բազմաթիվ աշխատակիցներ ցանկանում են շարունակել աշխատել։

Ապրիլի 9-ին հայտնի էր դարձել Ucom-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանների՝ ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին։ Եսայանները, որոնք ունեն մոտ 6 տոկոս բաժնեմաս, առաջարկել էին գնել ընկերության 94%-ը 34 մլրդ դրամով։ Ընկերության մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմում էին գրել, բայց շարունակում էին աշխատել՝ անխափան կապն ապահովելու համար։

Ընկերությունից նաև պաշտոնապես հայտարարել են, որ Ucom-ը կայուն է, շարունակական և կրճատումներ չեն նախատեսվում։ Ընկերության տնօրենների խորհուրդը ներգրավել է լրացուցիչ միջոցներ, որպեսզի աշխատակիցների աշխատավարձի փոխանցումն ու գործըթնացների շարունակականությունն ապահովվի։

«Տեղյակ ենք, որ ընկերության որոշ ստորաբաժանումներում անորոշություն կարող է լինել աշխատանքի պրոցեսների կազմակերպման մասով։ Համաճարակով պայմանավորված՝ աշխատանքային սահմանափակումների պատճառով այս հարցը փոքր ինչ դանդաղ կարող է ընթանալ, բայց վստահ ենք, որ ընկերությունը՝ նորանշանակ գլխավոր տնօրենի գլխավորությամբ, արագ այս հարցը ևս կկարգավորի, ինչպես որ կարգավորել է մնացած հարցերը։ Խնդրում ենք զինվել համբերությամբ և, բնականաբար, նախաձեռնող լինել»- ասվում է հայտարարության մեջ։

Ucom-ում նաև կարևորել են անմիջական կապի և թափանցիկության վերականգնումը՝ ընկերության աշխատակիցների առաջ տնօրենների խորհրդի աշխատանքի հաշվետվողականությունն ապահովելու համար ստեղծվել է board.office@ucom.am էլ.հասցեն, որի միջոցով աշխատակիցներն ուղիղ ու անմիջապես կարող են տեղեկանալ ընկերությանը վերաբերող առանցքային հարցերի մասին:

Ապրիլի 14-ին ընկերությունը հայտարարել էր, որ նոր տնօրենն Արա Խաչատրյանն է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---