«Շանգրի լա» խաղատունը կարող է փակվել․ Քննարկվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը

«Շանգրի լա» խաղատունը կարող է փակվել․ Քննարկվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը

PanARMENIAN.Net - ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատան գործունությունը կարող է դադարեցվել, ֆինանսների նախարարությունը քննարկում է խաղատանը տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը, փոխանցում է Առաջին ալիքը։

Հարցի քննարկումը սկսվել է ապրիլի 15-ին, սակայն ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը որոշել է «Օնիրա քլաբին» տրված լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հարցի քննարկումը հետաձգել մինչև ապրիլի 30-ը։

«Շանգրի լա» խաղատունը ՀՀ-ում խաղատնային լիցենզիա ստացած 4 խաղացողից մեկն է, հիմնվել է 2014-ին, այն Երևանին ամենամոտ խաղատունն է՝ Երևան-Աբովյան ճանապարհին։ Կառուցված է 13.6 հեկտար տարածքի վրա։ 2014-ին հայտնել էր, որ խաղատան կառուցման ներդրումային ծրագիրը գնահատվում է ավելի քան $150 մլն։

«Օնիրա քլաբը» «Շանգրի լա» խաղատունը շահագործող իրավաբանական անձն է և մտնում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ։ «Օնիրա քլաբը» նաև «Փարավոն» ռեստորանը շահագործող ընկերությունն է։ 2019-ին «Օնիրա քլաբը» վճարել է 5․2 մլրդ դրամ հարկ, 2018-ին՝ 4․8 մլրդ։

«Շանգրի լա»-ի կազմակերպիչ «Օնիրա քլաբն» ունի երեք բաժնետեր: Խոշոր բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ կոնցեռնը»։

Մարտի 23-ին Ծառուկյանը՝ անդրադառնալով տնտեսական ու սոցիալական ճգնաժամին, ասել էր՝ պետությունը պետք է և՛ «Շանգրի լա»-ի հարկերը վճարի, և՛ աշխատողների աշխատավարձը։ Ծառուկյանը հայտնել էր նաև, որ «Շանգրի լա»-ի կառավարիչներն արտասահմանցիներ են, սակայն ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության գլխավոր տնօրենը Տարոն Մանուկյանն է։

Ծառուկյանի մամուլի քարտուղար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասել է, թե «Օնիրա քլաբի» խաղատնային լիցենզիայի վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում։ Տոնոյանի խոսքով՝ այն հավատարմագրային կառավարման հանձնված բիզնես է, իսկ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորված է, ինքը չգիտի՝ ով կարող է պատասխանել հարցին։

Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը, խոսելով ֆիննախի համապատասխան հանձնաժողովում գտնվող հարցի մասին, ասել է՝ որևէ մեկնաբանություն չեն կարող անել վարույթի վերաբերյալ մինչ դրա ավարտը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---