Փոխնախարար․ 461 ՓՄՁ 5․2 մլրդ դրամի աջակցություն կստանա

Փոխնախարար․ 461 ՓՄՁ 5․2 մլրդ դրամի աջակցություն կստանա

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարության ներկայացրած 3-րդ միջոցառմամբ հաստատվել է 5․2 մլրդ դրամի 461 հայտ, 1200 հայտից մոտ 350-ը մերժվել է, հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

3-րդ միջոցառումն ուղղված է փոքր ու միջին ձեռնարկություններին, որոնք 2019-ին ունեցել են 24-500 մլն դրամ շրջանառություն։ Վարկի առաջին 6 ամիսը մարում չի նախատեսում, առաջին երկու տարում գործում է 0 տոկոս տոսկոսադրույք, իսկ վերջին երրորդ տարում՝ 12%:

«Միաժամանակ, յուրաքանչյուր եռամսյակում շրջանառությունը չպետք է գերազանցի ընդհանուր շրջանառության 70%-ը: 3-րդ տարվանից կգործի 12% տոկոսադրույթ, իսկ փոխառուները հնարավորություն կունենան վարկը մարել առաջին 6 ամսվա ընթացքում: Վարկի վաղաժամ մարման դեպքում երրորդ տարվանից հաշվարկված տոկոսները վճարել պետք չէ: Կարող են դիմել նաև այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք չեն ունեցել հարկային պարտավորություններ մինչև դեկտեմբերի 31-ը: Այդ միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի հաշվարկի համար, հարկերի վճարման համար: Շահառուներ կարող են դառնալ զբոսաշրջային ոլորտը, հասարակական սննդի օբյեկտները, վերամշակող ոլորտը, առողջապահության, տրանսպորտի, սպորտի, ժամանցի ոլորտներում զբաղվող ընկերությունները»,- ասել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ հիմնականում մերժվել են վարկային վատ պատմություն ունեցողները, իսկ ամենից շատ հայտեր ստացվել են վերամշակող արդյունաբերության, հանրային սննդի, զբոսաշրջության ոլորտներից:

Փոխնախարարը նշել է, որ նոր պայմանների ներդրումից հետո նախկինում մերժված հայտերը ևս կդիտարկվեն։

«Եթե այդ հայտերը համապատասխանեն թարմացված պահանջներին, ապա մենք կապ կհաստատենք շահառուների հետ: Սակայն անհրաժեշտության դեպքում տնտեսվարող սուբյեկտները կարող են զանգել 8105 համարին և իմանալ մանրամասները»,- նշել է Մարգարյանը:

Աջակցություն ստանալու համար դիմել հնարավոր է Ներդրումների աջակցման կենտրոնի կայքում։

Մարտի 16-ից մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի համավարակը կանխելու համար։ Կառավարությունն առաջարկել է 14 ծրագիր՝ վիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---