«Հին Երևանի» կառուցապատման ընթացքում խախտումով շինարարության դեպքով քրգործ կա

«Հին Երևանի» կառուցապատման ընթացքում խախտումով շինարարության դեպքով քրգործ կա

PanARMENIAN.Net - «Հին Երևան» համալիրի կառուցապատման ընթացքում կրկնակի վարչական տույժի ենթարկվելուց հետո խախտումներով շինարարությունը շարունակվելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

2020թ. մարտի 6-ին Hraparak.am կայքում հրապարակվել էր «Մարությանին կալանավորելու հիմքե՞ր կան» վերտառությամբ հոդված, համաձայն որի՝ քաղաքային իշխանությունների թողտվությամբ 1 տարի «Հին Երևանի» կառուցապատումն իրականացվում է առանց թույլտվության: Հոդվածում ՀՀ մեկ այլ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքի, մեղսագրվող արարքի հետ համեմատությամբ դատողություններ են արվել քրեական հետապնդման գործառույթի ընտրանքային իրականացման վերաբերյալ:

Երևանի դատախազության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 29.08.2013թ. որոշմամբ Երևանի Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածը ճանաչվել է գերակա հանրային շահ՝ «Հին Երևան» նախագծի իրականացման նպատակով: Սկսած 2015-ից մինչև 2019-ի դեկտեմբեր 4-ն ընկերության տրվել են ճարտարապետահատակագծային առաջադրանքներ․․․ իսկ 2016-2019թթ. այդ ընկերություններից 3-ին տրվել են շինթույլտվություններ։

Պարզվել է, որ շինթույլտվություն ստացած ընկերություններից մեկը նախագծի պահանջներից դուրս վերգետնյա հարկի շինարարական աշխատանքներ է իրականացրել, ինչի համար Երևանի քաղաքապետարանի կողմից ենթարկվել է կրկնակի վարչական տույժի:

Քանի որ ընկերությունը տույժի ենթարկվելուց հետո 1 տարի շարունակել է շինարարությունը, դեռևս նշված հոդվածի հրապարակումից առաջ Երևանի քաղաքապետը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին: Այդ հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանություն։

Արդյոնքում ՀՀ ՔՕ 315.1-րդ հոդվածի (ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից վեցհարյուրապատիկի չափով) հատկանիշներով հարուցվել է քրգործ և իրականացվում է նախաքննություն:

«Այսինքն, դատախազության ուսումնասիրությամբ «Հին Երևան» նախագծի կառուցապատումը քաղաքային իշխանությունների դրսևորած անգործության կամ թողտվության պատճառով խախտումներով իրականացվելու հանգամանքը չի հիմնավորվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

«Հին Երևան» նախագիծը հնարավորություն է ստեղծում պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր:

Թաղամասը վերակառուցելու նպատակը՝ պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---