Լևոն Մնացականյան. Ապրիլյանի ժամանակ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը

Լևոն Մնացականյան. Ապրիլյանի ժամանակ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը

PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը։ Այդ մասին Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, ոստիկանապետ Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ որևէ բան չի կարող կասկածի տակ դնել հայկական կողմի հաղթանակը։

Ապրիլյան պատերազմի ժամանակ Մնացականյանը եղել է ԼՂՀ պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատար։

«Տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին, ցանկացած հարց ստացել է իր պատասխանը։ Եղել ենք անկեղծ, ներկայացրել այն իրականությունը, որ եղել է Ապրիլյան գործողությունների ժամանակ»,- նիստի ավարտից հետո ասել է Մնացականյանը, գրում է Panorama.am-ը։

Հարցին, թե արդյոք Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բացթողումներ, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ դրա ընթացքի վրա՝ Մնացականյանը պատասխանել է․ «Իհարկե՝ ոչ»։

Նա ասել է նաև, որ 2016-ի ապրիլի 2-5-ը հայկական կողմն ունեցել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող են եղել։ Մնացականյանի խոսքով՝ իրենց հաշվարկով մինչև 400 հեկտար են կորցրել։

Մնացականյանն ասել է նաև, որ ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անեն, այնքան անելիքը շատ կլինի, Պաշտպանության բանակն այդ ուղղությամբ աշխատում է։

Ապրիլյան պատերազմի ժամանակ օպերատիվ-հետախուզական տվյալների առումով հնարավոր պակասի մասին՝ Մնացականյանն ասել է. «Այդ մասով դեռևս չպատասխանենք։ Հարցեր կան, որոնք դեռ պետք է ճշտվեն։ Հանձնաժողովը կորոշի, եթե կարիք լինի ներկայացնելու, կներկայացնի, եթե ոչ՝ հանձնաժողովն իր աշխատանքի վերջում ամբողջական կներկայացնի»։

Հարցին՝ եթե բացթողումներ եղել են ու հանձնաժողովը կներկայացնի եզրակացությամբ, ինչո՞ւ նախորդ իշխանության օրոք այդ հարցերը չէին արծարծվում՝ Մնացականյանն ասել է, որ կա Պաշտպանության բանակի և Գլխավոր շտաբի վերլուծական, պարզապես չի հանրայնացվել, և կատարված վերլուծականի հիման վրա որոշումներ կան, որոնք ընթացքի մեջ են, կատարվում են։

Ավելի վաղ հանձնաժողովի նիստին մասնակցել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հայտնել էր, որ արտակարգ դրության ավարտից հետո ասուլիս կհրավիրի, որտեղ կպատասխանի Ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---