«Անդին» ֆիլմն արդեն հասանելի է նաև առցանց

«Անդին» ֆիլմն արդեն հասանելի է նաև առցանց

PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ ռեժիսոր Ռուբեն Գինեյի «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմն արդեն հասանելի է նաև համացանցում: Դա 2 ժամ տևողությամբ պատմական ճանապարհորդություն է հայոց պատմության չբացահայտված էջերով՝ Մետաքսի ճանապարհից մինչև Գյումրիում գտնված Ցին դինաստիայի գավաթը։

2011-ին մեկնարկած և 3 տարի տևած նկարահանումների արդյունքում ֆիլմի հեղինակը հանդիսատեսին տեղափոխում է դեռ չբացահայտված աշխարհ և, միասին ճամփորդելով, օգնում բացահայտել հայ-չինական բարեկամական հարաբերությունների և Մետաքսի ճանապարհի այլ երկրների հետ կապերի պատմական անցյալը:

Ռեժիսորի խոսքով՝ իրենց առաջնային նպատակն էր ստեղծել ֆիլմ, որը հետաքրկիր կլիներ ոչ միայն պատմաբաններին, այլև՝ հասարակ հանդիսատեսին:

«Նկարահանումների մեկնարկի պահից ես՝ որպես ռեժսիսոր, փորձեցի գիտական բացահայտումներն ու փաստերը շարադրել կինոյի լեզվով, բառը դարձնել տեսանյութ։ Անցել ենք 80,000 կմ, ինչը համազոր է նրան, եթե մենք երկու անգամ պտույտ կատարեինք մոլորակի շուրջ՝ միայն թե ցույց տանք հանդիսատեսին այն ամենը, ինչի մասին գրված էր գիտական հոդվածներում կամ վաղուց մոռացված առասպելներում»-, նշել է ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գինեյը:

2014-ին Երևանում փակ պրեմիերայից հետո ֆիլմը դուրս եկավ միջազգային շուկա, հասավ նույնիսկ Ստամբուլ և այստեղ ևս պատմեց հայոց պատմության դեռ չբացահայտված դրվագների մասին: 6 տարվա ընթացքում հայ հանդիսատեսը ֆիլմը չէր տեսել, մինչդեռ աշխարհի տասնյակ ազգեր շարունակում էին նորովի բացահայտել Հայաստանն ու հայոց պատմությունը: Ռեժիսորը նշում է՝ մեծ ցանկություն կար հայ հանդիսատեսին ցուցադրելու ֆիլմը, սակայն երկրում իրար հաջորդող ներքաղաքական իրադարձություններն անընդհատ երկարաձգում էին այդ պահը:

«Վերջին տարիներին մշակութային թեմաներն ու նորությունները կարծես այդքան էլ արդիական չէին՝ այն էլ երկրի սահմաններից դուրս կատարվող: Անկասկած, կային մարդիկ, որոնք պատրաստ էին Հայաստանում ֆիլմը հասցնել հանդիսատեսին, բայց զգում էինք, որ դեռ ժամանակը չի հասունացել: 2019-ին փորձ արեցին, և կայքում հանդիսատեսը կարող էր ձեռք բերել ֆիլմը: Բայց այսօր, երբ հազարավոր մարդիկ մեկուսացված են տանը, իսկական ժամանակն է հնարավորություն տալ հանդիսատեսին ճամփորդել և բացահայտել պատմության նոր էջեր»-, նշել է ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գինեյը:

Ֆիլմն ինքնին պատմական արժեք է ոչ միայն Հայաստանի, այլև Չինաստանի և Միջին Արևելքի այլ երկրների համար, քանի որ նկարահանումների ընթացքում բազում գտածոներ են հայտնաբերվել:

Գտնվել են կորած համարվող փաստաթղթեր (Չինաստանի 19-րդ դարի հայկական համայնքի կանոնադրություն), բացահայտվել է 700 տարվա հնություն ունեցող հայկական տառերով հայտնի Պանտուսովյան քարի գտնվելու վայրը, Գյումրիում գտնվել է չինական Ցին դինաստիայի գավաթը, առաջին անգամ ցուցադրվել է չինական Աստվածաշնչի հեղինակ Յոհաննես Լասարի կենսագրությունը: Պատմության մեջ առաջին անգամ վերականգնվել է նաև Դվին քաղաքի տեսքը 3D պատկերով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---