ԿԲ․ II եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա

ԿԲ․ II եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության հետևանքով 2020-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտվել է տնտեսական ակտիվության կրճատում, հայտնում են Կենտրոնական բանկից։

Կորոնավիրուսի տարածմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները մեծացրել են հումքային ու պարենային գների տատանողականությունը: Այս ամենը ՀՀ տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն։

«ԿԲ գնահատականների համաձայն երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի կրճատմամբ: Համախառն պահանջարկը հետագայում նույնպես կմնա թույլ, ինչը որոշ չափով կմեղմվի Կառավարության կողմից իրականացվող համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների խթանող ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են նաև համավարակի հաղթահարման ժամկետների և տնտեսության վերականգնման հետ կապված անորոշությունները, որոնց նվազումից հետո միայն հնարավոր կլինի գնահատել ՀՀ տնտեսության կառուցվածքի և հեռանկարների ավելի երկարաժամկետ փոփոխությունները»,-ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ։

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման համար սոցիալական և տնտեսական 14 ծրագիր է մշակել։

2020-ի մարտին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կրճատվել է և կազմել 0.1%: 2020-ի ապրիլի 28-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5%:

Ըստ ԿԲ խորհրդի՝ գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում։

Չնայած ամենին՝ ԿԲ-ից հայտնում են, որ կանխատեսված հետագծից գնաճի շեղման ռիսկերը գերակշռում են ներքևի ուղղությամբ՝ պայմանավորված թե՛ արտաքին, և թե՛ ներքին գործոններով: Ռիսկերի ցանկացած դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է ըստ անհրաժեշտության համապատասխանորեն ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար։ Ապրիլի 28-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1867-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 866 է, 30 մարդ է մահացել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---