Գավառում սպանությունից հետո հիվանդանոց ներխուժածները 500 հոգի էին․ Մարզպետ

Գավառում սպանությունից հետո հիվանդանոց ներխուժածները 500 հոգի էին․ Մարզպետ

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հնչած կրակոցների ու դրան հաջորդած դեպքով քրեական գործ է հարուցվել, PanARMENIAN.Net ին ասացին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ գործը Քննչական կոմիտեում է։

ՔԿ մամուլի խոսնակը նշեց, որ թյուրըմբռնումներից խուսափելու համար՝ իրենք հաղորդագրություն կտարածեն։ Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հնչած կրակոցների հետևանքով 2 հոգի սպանվել է։ Սպանությունից հետո միջադեպի որոշ մասնակիցներ տեղափոխվել են հիվանդանոց։

Դրանից հետո, Armlur.am-ի տվյալներով, դանակներով ու մահակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, այնտեղ գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։ Գավառի հիվանդանոցում այդ ժամանակ հսկողություն են իրականացրել ոստիկանական ուժերը։

Դեպքի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա, միայն ապրիլի 28-ի ուշ երեկոյան Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Armtimes.com -ին հայտնել էր, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի։

«Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, և տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում ներխուժման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,- ասել է մարզպետը՝ չբացառելով, որ ներխուժման հետևանքով հնարավոր է լինեն նաև տուժած ոստիկաններ:

Ավելի վաղ նշվում էր, որ կրակոցների դեպքից հետո Գավառում է եղել նաև ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---