Ոստիկանություն․ Գավառի ԲԿ-ում որևէ մեկը չի սպանվել

Ոստիկանություն․ Գավառի ԲԿ-ում որևէ մեկը չի սպանվել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ապրիլի 28-ին Գավառում հնչած կրակոցների ու դրան հաջորդած դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ տեղի բուժկենտրոնում որևէ մեկը չի սպանվել։

Ոստիկանությունը ԶԼՄ-ներին կոչ է արել չճշտված տեղեկություններ չհրապարակել:

«Նշվում է, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը։ Ոստիկանապետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ապրիլի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Գավառում դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան 2 զոհ և վիրավորներ, ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարուցված քրգործի շրջանակում կատարվում է նախաքննություն: Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ավելի վաղ նշվում էր, որ կրակոցների դեպքից հետո Գավառում է եղել նաև ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հնչած կրակոցների հետևանքով 2 հոգի սպանվել է։ Սպանությունից հետո միջադեպի որոշ մասնակիցներ տեղափոխվել են հիվանդանոց։Դրանից հետո, Armlur.am-ի տվյալներով, դանակներով ու մահակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, այնտեղ գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։ Գավառի հիվանդանոցում այդ ժամանակ հսկողություն են իրականացրել ոստիկանական ուժերը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---