ՀՀ ԱԳՆ. Հայաստանը կմասնակցի Կովկասյան պլատֆորմի շուրջ հանդիպմանը Անկարայում

PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը կմասնակցի Կովկասում համագործակցության եւ կայունության պլատֆորմի շուրջ հանդիպմանը Անկարայում, որ տեղի կունենա հունվարի վերջին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը:



Անցած տարվա վերջում տեղի ունեցավ հինգ երկրների` Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը,որտեղ քննարկվեց Կովկասում համագործակցության եւ կայունության պլատֆորմը: Ներկայումս մշակվում է Կովկասյան պլատֆորմի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որը կարող է ընդունվել այս տարվա ընթացքում:



Հարավային Օսեթիայում ծավալված ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ Կովկասում համագործակցության եւ կայունության պլատֆորմի ստեղծման մասին նախաձեռնությամբ, որին, ըստ թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը միշտ երկխոսության կողմնակից է եղել, որպես անվտանգության, համագործակցության ու վստահության ամրապնդման միջոց, գնահատեց թուրքական նախաձեռնությունը որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---