1 մայիսի 2020 - 14:05 AMT
ՔԿ․ «Հեղափոխության պահապաններ» խմբի մասին պատգամավորի հաղորդման նախաքննությունը շարունակվում է

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում շարունակվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ հանցագործության մասին հաղորդման նախաքննությունը, PanARMENIAN.Net-ին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։

Պատգամավոր Սամսոնյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայկ Ստեփանյան անունով օգտատերը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին հրապարակային սպառնալիքներ և բռնության կոչեր է հնչեցրել։

«Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբի անդամի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրգործի նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով պլանավորված, մի շարք քննչական և դատավարական գործողություններ հնարավոր չի եղել կատարել, քանի որ տուժողը հրաժարվել է նարկայանալ հարցաքննության, ինչպես նաև՝ այլ քննչկան գործողությունների կատարմանը՝ կորոնովիրուսային վարակի տարածման պատճառով»,- ասաց Եգանյանը։

Ավելի վաղ «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբի անդամի ենթադրյալ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1- ին մասով քրգործ էր հարուցվել (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք, արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-150-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով)։

Սամսոնյանն ապրիլի 30-ին հայտնել է նաև, որ Դատախազություն ևս հաղորդում է ներկայացրել՝ նույն պատճառով։