Զգուշացեք՝ սահմանափակումները հանվում են, կամ «վիրուսի թեման ցրեք, թող էթա»

Զգուշացեք՝ սահմանափակումները հանվում են, կամ «վիրուսի թեման ցրեք, թող էթա»

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ից սահմանափակումները ՀՀ-ում թուլացնում են. էկոնոմիկայի փոխնախարարն ասում է՝ «սա կարելի է թեստի ձևով ընդունել… թե՛ տնտեսվարողները, թե՛ քաղաքացիները պետք է ցուցաբերեն բարձր պատասխանատվություն»: Լո՞ւրջ: Կարծում եք՝ այն քաղաքացիները, որոնք արտակարգ դրության, ազատ տեղաշարժի սահմանափակումների պայմաններում վերջին շաբաթներին անհրաժեշտ կանոններից և ոչ մեկը չէին պահպանում՝ սկսած հենց սոցիալական հեռավորության պահանջից, պետք է հիմա՞ սկսեն ավելի պատասխանատու լինել: Չափազանց լավատես եք, պարոնայք:

Ցավոք, մենք չունենք այն հասարակությունը, որը կլսի կոչերը, դրանում արդեն իսկ պետք է համոզված լինեիք: Մենք ունենք հասարակություն, որը ձգվում է միայն այն պարագայում, երբ բանը հասնում է իրենց գրպանին, ինչի ապացույցը կարելի էր տեսնել ԱԴ հայտարարելուց հետո առաջին օրերին, երբ ուժայիններն իրոք հետևում էին խաղի սահմանված կանոններին, ստուգում տեղաշարժման թերթիկներն ու տուգանքներ գրում (թեև, պարբերաբար՝ անտեղի):

Կարանտինի արդեն չեմ հիշում որերորդ օրից սկսած բոլորին մեկ դարձան այդ նույն թերթիկները, որովհետև դրանք ոչ ոք չէր ստուգում:

Ու ի՞նչ ունենք այսօր: Վարակի աճող կոր, 2000-ից ավելի վարակված, որոնց նույնիսկ կեսը դեռ դուրս չի գրվել, 30-ից ավելի մահ ու հազարավոր մեկուսացվածներ: Միաժամանակ, ունենք հազարավոր հոգնած բուժաշխատողներ, որոնք օր ու գիշեր, վստահ եմ, իրենց չեն խնայում, ծանրերին՝ փրկելու, մյուսներին՝ հնարավորինս օգտակար լինելու համար:

Վախեցնել այս հասարակությանը, թե պահանջները չպահպանելու դեպքում ավելի խիստ միջոցների կվերադառնանք, առնվազն անլուրջ է, ինչը կարելի է տեսնել այդ խոսքերին մեր իսկ ընթերցողների արձագանքներից:

«Վիրուսի թեման ցրեք, թող էթա», «SUTA», «Stumeq», «sovorakan gripa incheq panika anum», «Hmi ov injic meeni kdnen koronavirusi vra», և նմանատիպ մեկնաբանությունների հազարավոր օրինակներ կարող ենք բերել, որովհետև ճիշտ այդպես է մտածում մեր հասարակության մեծ մասը, փողոցները վկա:

Ես ու ընկերներս, որպես հասարակության այն քիչ մաս, որը 47 օր շարունակ 10 օրը մեկ էր խանութ դուրս գալիս՝ գնումների, առնվազն մեզ հիմար ենք զգում, ու չգիտենք «բա հետո՞» հարցի պատասխանը: Ինչ է՝ այս օրերին հազարավոր մարդկանց գործազուրկ դառնալն ու բոլոր ոլորտների գործունեությունը դադարեցնելն անիմա՞ստ էր... Բա հետո ի՞նչ է լինելու:Չնայած համացանցում հայտնվող լուսանկարներից կարելի է ենթադրել՝ ինչ: Կասկադի սրճարանները նորից լցվելու են, սոցիալական հեռավորությունն արդեն իսկ պահպանողներ չկան, ինչպես նաև դիմակ ու ձեռնոց կրողներ, ու միանգամից ամեն ինչ բացելով վերադառնալու ենք նույն կետին, որից սկսել ենք. թեպետ, նախորդ անգամ սկսելուց վիրուսակիրների թիվը գոնե մի քանիսն էր, ոչ թե հազարներ… բայց եկեք փորձենք, նույնիսկ չնայած նրան, որ այս դեպքում փորձը փորձանք է:

Լուսանկարը՝ Թեհմինա Հարությունյանի

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---