2 մայիսի 2020 - 10:32 AMT
Վրաստանը բանակցում է ավիահաղորդակցությունը որոշ ուղղություններով վերսկսելու մասին

Վրաստանի իշխանությունները բանակցում են մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին։ Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի 21-ից Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարված, այդ ժամանակ էլ կասեցվեց կանոնավոր ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Ըստ քաղավիացիայի գործակալության` արգելքը կհանվի մայիսի 22-ին, սակայն դա վերջնական որոշում չէ, գրում է «Sputnik Գրուզիան»։

«Մենք արդեն մտածում ենք, որ, հավանաբար, կվերսկսենք ավիահաղորդակցությունը որոշ ուղղություններով, պահանջների խստիվ պահպանմամբ, սակայն, դա կախված է այն երկրների կամքից ու իրավիճակից, որոնց հետ բանակցում ենք»,- ասել է Տուրնավան։

Ավելի վաղ Վրաստանն արդեն հայտարարել էր, որ մտադիր է զբոսաշրջիկների համար բացվող առաջին երկիրը դառնալ և ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 566 դեպք է գրանցվել, ապաքինվել է 207 պացիենտ։ Կարանտինում 5320 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 548 մարդ։

Մարտի վերջից երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարացվել է մինչև մայիսի 22-ը։ Երկրում նաև պարետային ժամ է գործում՝ 21։00-06։00-ն։