Գուրգեն Խաչատրյան․ Նպատակահարմար չեմ գտնում կալանավորի կարգավիճակ ձեռք բերել

Գուրգեն Խաչատրյան․ Նպատակահարմար չեմ գտնում կալանավորի կարգավիճակ ձեռք բերել

PanARMENIAN.Net - «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Գուրգեն Խաչատրյանի խոսքով՝ իրեն առաջադրված մեղադրանքը «պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն» է, Խաչատրյանն իր բիզնեսի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որակել է «անհավանական»։

Ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ պաշտոնյանների մակարդակով Ucom-ն օտարելու ուղիղ ու անուղղակի պահանջ է դրվել իր առջև: Մայիսի 3-ին նրան կալանավորելու միջնորդությունը բավարարվել էր, նա դեռ կալանավորված չէ։ Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանն աջակցել է կաշառք տալուն։

«Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի և դատարանների որոշումների ուղղորդված լինելը, նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը։ Այսօր օրակարգում բիզնեսի կազմաքանդումն է, առանց դրա սոցիալական ու տնտեսական հետևանքները հաշվի առնելու. ես այդ օրակարգում անելիք չունեմ»,- հայտարարել է Խաչատրյանը։

Նա նաև հայտնել է, թե Ucom-ն ինստիտուցիոնալ ու հզոր կառույց է, չկա որևէ գործոն, որ կխաթարի ընկերության ամրությունը։ Միջազգային գործընկերներին ուղղված խոսքում Խաչատրյանը նշել է, թե ընկերությունների խումբը «ամուր կանգնած է իր դիրքում և տիրապետում է իրավիճակին»։

Իր հերթին, Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտնել է, որ պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջը և որդու՝ Գուրգեն Խաչատրյանի կնոջը հրավիրել են ԱԱԾ՝ ամուսինների մասով քննվող քրգործի շրջանակում որպես վկա հարցաքննվելու համար։

Նշվում է, որ ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված և հաշվի առնելով նաև հանգամանքը, որ Գուրգեն Խաչատրյանի կնոջ խնամքի տակ են գտնվում մանկահասակ երեխաներ, կանայք խնդրել են միայն վերոնշյալ դիրքորոշումը հայտնելու համար ԱԱԾ չներկայանալը համարել հարգելի, սակայն վարույթն իրականացնող մարմինը նորից ծանուցում է ներկայացրել կանանց ԱԱԾ ներկայանալու համար:

Ըստ փաստաբանների՝ գործողությունները տեղի են ունենում ապօրինի։

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանք առաջադրվել է 2019–ի օգոստոսի 27–ին: Խաչատրյանը մինչ այժմ կալանավորված է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---