Սարյանի և Զարդարյանի կտավներ են հայտնաբերվել և առգրավվել

Սարյանի և Զարդարյանի կտավներ են հայտնաբերվել և առգրավվել

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին քննչական գործողության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող «Հայաստան» գեղանկարի էսքիզը և Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող «Վերածնունդ» եռանկարը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

2018-2019թթ. ընթացքում «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել էր, որ բացակայում են 121,380,000 դրամ ընդհանուր արժեքով մի շարք մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ:

Բացակայող նմուշների թվում էին նաև երկու մշակութային առանձնակի արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող՝ 60,000,000 դրամ արժեքով «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող՝ 2,000,000 դրամ արժեքով «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 3-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետի (պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:), 180-րդ հոդվածի (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը) 1-ին մասի (պատժվում է ազատազրկմամբ՝ 3-5 տարի ժամկետով:) և 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի հատկանիշներով (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով), որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սարյանի «Հայաստան» գեղանկարը և Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը հնարավոր է գտնվեն ֆոնդապահոցներից մեկում : 2020թ. մայիսի 7-ին կատարված քննչական գործողության արդյունքում կտավները հայտնաբերվել և առգրավվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---