Աֆեյանի ընկերության պատրաստած պատվաստանյութը հետազոտման 2-րդ փուլում է

Աֆեյանի ընկերության պատրաստած պատվաստանյութը հետազոտման 2-րդ փուլում է

PanARMENIAN.Net - ԱՄՆ սնունդի և դեղորայքի վերահսկողության գերատեսչությունը (FDA) թույլատրել է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերությանն անցնել իր պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին:

Այն շուտով կմեկնարկի։ MRNA-1273 պատվաստանյութը առաջինն է, որ ստացել է թույլտվություն ամերիկյան հիվանդանոցներում փորձարկումներ անցկացնելու համար: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտման 3-րդ փուլը նախատեսված է սկսել ամռան սկզբին, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Պատվաստանյութի պատրաստման ուղղությամբ աշխատանք են տանում նաև այլ ընկերություններ: Օրերս Pfizer և BioNTech ընկերությունները հայտարարեցին, որ մայիսի 5-ից հիվանդանոցներին կտրամադրեն պատվաստանյութեր՝ փորձարկումների համար:

Ամերիկյան ու գերմանական այս ընկերություններն ասում են, որ եթե պատվաստանյութը հաջողությամբ անցնի փորձարկումները, ապա հնարավոր է՝ այն պատրաստ լինի մինչև տարեվերջ ԱՄՆ-ում լայն տարածման համար՝ շրջանցելով մի քանի տարվա պատվաստանյութի զարգացմանը բնորոշ ժամանակացույցը: Բարեհաջող ընթացքի դեպքում 2021-ին հնարավոր կլինի կազմակերպել պատվաստանյութի հարյուր միլիոնների հասնող արտադրությունը:

Ընկերությունները հույս ունեն, որ ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վերահսկմամբ զբաղված գերատեսչությունը հնարավորինս շուտ կտրամադրի թույլտվություն փորձարկումնները սկսելու համար: Դրանց համաձայնվել է մասնակցել մոտ 360 մարդ տարբեր տարիքային խմբերից:

Որպես գյուտարար, ձեռներեց և գլխավոր տնօրեն՝ Նուբար Աֆեյանն իր 30-ամյա գործունեության ընթացքում համահիմնադրել և օգնել է կայանալ 40 հաջողակ նորաստեղծ ընկերության։ Նա նաև Flagship Pioneering ընկերության հիմնադիրն է և գլխավոր գործադիր տնօրենը: Ընկերությունը մարդու կյանքին առնչվող գիտաճյուղերում իրականացնում է համակարգային նորարարություններ, որոնք բարելավում են մարդու առողջությունն ու մարդկային կայուն զարգացումը: 2015-ին նա համահիմնադրել է նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---