Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու վրացական հատվածի շինարարությունը կվերսկսվի մարտին

PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու վրացական հատվածի շինարարությունը կվերսկսվի մարտին: Այդ մասին հաղորդել է «Ազերինշաաթսերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Վուսալ Ասլանովը: Նրա խոսքերով, Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու Ախալքալաք-Կարս հատվածում շինարարական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:



«Անցած տարվա դեկտեմբերի 15-ից ձյան ծածկույթի բարձրությունը մեկ մետրից ավելին է, ճանապարհները ծածկված են սառույցով: Դժվարություններ են առաջացել ծանր տեխնիկայի տեղափոխման եւ այդ պայմաններում մարդկանց աշխատելու հարցում: Սակայն աշխատանքների ժամանակավոր դադարեցումը կապված չէ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ, ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չկան»,-ասել է նա:



Ինչպես նշել է Ասլանովը, շինարարական աշխատանքները կվերսկսվեն ընթացիկ տարվա մարտին: «Արդեն ավարտվել են աշխատանքները Ախալքալաք-Կարս հատվածի 6 կմ: Բացի այդ, աշխատանքային նախագծում փոփոխություններ են կատարվել, կապված անհամապատասխանության հետ իրական երկրաբանական պայմաններին: Այդ պատճառով շինարարական աշխատանքները հնարավոր չի լինի ավարտել ժամանակին` 2009 թվականի նոյեմբերին: Ընդհանուր առմամբ, շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ եվրոպական չափանիշների»,-ասել է Ասլանովը, հաղորդում է ANS գործակալությունը:



Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագիծը ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, որից 68 կմ անցնում է թուրքական տարածքով, 30 կմ-ը` վրացական: Անհրաժեշտ է նաեւ վերակառուցել Ախալքալաք-Թբիլիսի հատվածը: Նախագծի նախնական արժեքը 422 մլն դոլար է, որոնցից 202 մլն դոլարը հարկավոր է վրացական հատվածի, իսկ 220 միլիոնը` թուրքական հատվածի շինարարության համար: Ադրբեջանական կառավարությունը 20 տարի մարման ժամկետով 200 մլն դոլարի վարկ է տրամադրել վրացական կողմին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---