Էջմիածնի քաղաքապետ․ Դոն Պիպոն փորձում է ոչ ֆորմալ կառավարել քաղաքը, բայց չի ստացվի

Էջմիածնի քաղաքապետ․ Դոն Պիպոն փորձում է ոչ ֆորմալ կառավարել քաղաքը, բայց չի ստացվի

PanARMENIAN.Net - Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Արթուր Ասատրյանը, որն առավել հայտնի է որպես Դոն Պիպո, ամեն կերպ փորձում է ոչ ֆորմալ կառավարել քաղաքը՝ հավելելով, որ դա նրա մոտ չի ստացվի։

Գասպարյանն Ասատրյանին մեղադրել է իր, իր ընտանիքի և քաղաքապետարանի դեմ քարոզչական արշավի մեջ։

«Կեղտոտ արշավն իրականցվում է Ասատրյանի հանձնարարությամբ, թողտվությամբ և հստակ ցուցումներով»,- ասել է քաղաքապետը։

Ըստ Գասպարյանի՝ պատճառը վարչական վարույթի հարուցումն է Արթուր Ասատրյանի կողմից իրականացվող ինքնակամ ապօրինի շինարարության դեմ։

Կառուցվող շինությունն Ասատրյանի աներոջ անունով է, բայց, ըստ Գասպարյանի՝ իրականում վերջինիս է պատկանում և իր կողմից է իրականացվում։

Գասպարյանը նշել է, որ Ասատրյանը կարող է քաղաքապետարանին մուծել գումար (մոտ 36 մլն դրամ) և օրինականացնել ինքնակամ շինությունը։

Քաղաքապետը հայտնել է նաև, որ նույն անձը շինարարություն է սկսել հատուկ պահպնավող գոտում՝ Մայր տաճարի դիմաց, որի վերաբերյալ քաղաքապետին իր մտահոգությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսը։

«Չկա և չի լինելու անգամ մեկ մարդ, ով կարող է իրեն վեր համարել օրենքից, ով կարող է համարել, որ ինքն արտոնյալ է և ավելի շատ իրավունքներ ունի, քան ուրիշները»,- ասել է Էջմիածնի քաղաքապետը։

Ավելի վաղ Ասատրյանը հայտարարել էր, որ ցանկանում է մեծ ներդրումներ անել Էջմիածնում, կառուցել թանգարաններ, այգիներ, գեղեցիկ շինություններ, իսկ քաղաքապետարանը խոչընդոտում է իր ներդրումներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---