13 մայիսի 2020 - 17:49 AMT
Bolt. Oնլայն տաքսիների նախագծում անհամաչափ սահմանափակումներ կան

Օնլայն տաքսիների վերաբերյալ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծի ներկայիս տարբերակը հիմնականում ներառում է հարկաբյուջետային գործառույթներ, ինչպես նաև անհամաչափ սահմանափակումներ և վճարներ մտցնում մասնավոր տաքսիստների համար, PanARMENIAN.Net-ին ասաց Bolt տաքսիների պատվերի օնլայն հարթակի գործառնությունների գծով մենեջեր Էդգար Գալստյանը։

ՏԿԵ օրինագծի համաձայն՝ վարորդը կամ կազմակերպությունը կարող է գործակցել օնլայն տաքսիի հետ, եթե ունի համապատասխան լիցենզիա։ Դրա արժեքը 100,000 դրամ է։ Ըստ օրինագծի՝ օնլայն տաքսին իրավունք չի ունենա չլիցենզավորված որևէ վարորդի կամ կազմակերպության հետ գործունեություն ծավալել, հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվի։

Գալստյանի խոսքով՝ դեռ պարզ չէ՝ լիցենզավորման նոր ձևաչափն ինչպես կանդրադառնա ոլորտի որակի և անվտանգության մարտահրավերներին:

«Նախագծում հաշվի առնված չէ սոցիալական համատեքստը, քանի որ նոր վճարներն ու տուրքերը թիրախավորում են վարորդների առավել խոցելի խմբին, ինչը հետհամավարակային վերականգնման առաջիկա ժամանակահատվածում, երբ ամեն դրամ կարևոր է ընտանիքի եկամուտների ապահովման համար, կարող է ավելի մեծ խնդիրներ առաջացնել»,- նշեց նա։

Բարսեղյանի խոսքով՝ գործարար համայնքի հետ սերտ գործակցությամբ՝ ուղևորափոխադրումների ոլորտի աստիճանական կարգավորումը մեծ ներուժ ունի ինչպես անվտանգության մակարդակի, այնպես էլ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման տեսանկյունից: Բարսեղյանը նշեց, որ իրենք բաց են գործակցության համար և պատրաստ ներդրումն ունենալու՝ հենվելով միջազգային փորձի վրա: Նա նշեց նաև, որ Bolt-ը ներկայացրել է իր առաջարկությունները ՏԿԵ նախարարությանը, սակայն դրանք չեն արտացոլվել նախագծում:

Ավելի վաղ Utaxi-ի ֆինանսական տնօրեն Արևշատ Ղիասյանը նշել էր, որ տաքսիների հետ գործակցող վարորդների 80-90%-ն անհատ են, այսինքն օրինագիծը ենթադրում է, որ շուկայի հենց այդ 80-90%-ը քանդվում է: gg ընկերությունից հայտնել էին, որ իրենք ամեն ինչ անելու է ոլորտի այնպիսի կարգավորման համար, որ բոլոր կողմերը՝ գործընկերները, հաճախորդները և պետությունը կարողանան առաջ շարժվել։

Ընթերցեք նաև․ Մեծ փոփոխություններ՝ օնլայն տաքսիների տիրույթում