Վրացական Մառնեուլում կարանտինը կչեղարկվի

Վրացական Մառնեուլում կարանտինը կչեղարկվի

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ից Վրաստանի Մառնեուլի շրջանն այլևս չի լինի կարանտինային գոտի։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։

Արդեն մայիսի 14-ից չեղարկվել է Ռուսթավի և Գարդաբանի քաղաքներ ելումուտի սահմանափակումը, գրում է Sputnik Georgia-ն։

«Այսօր ամբողջությամբ հանվում են Ռուսթավի և Գարդաբանի մուտքի ու ելքի սահմանափակումները։ Մառնեուլի շրջանը մայիսի 18-ից այլևս չի լինի կարանտինային գոտի և այդ շրջանի բնակիչները կկարողանան անարգել տեղաշարժվել, ինչպես երկրի մյուս քաղաքացիները»,- ասել է Գախարիան։

Վրաստանում մայիսի 18-ից չեղարկում են նաև 3 հոգուց ավելի չհավաքվելու արգելքը՝ ինչպես դրսում, այնպես էլ փակ տարածքներում։ Վարչապետը հայտարարել է նաև, որ մայիսի 18-ից կբացվեն գեղեցկության սրահները, բայց պարետային ժամը, որը գործում է 21։00-6։00-ն, դեռ կմնա։

Մայիսի 14-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք կա, փաստացի բուժվում է 257 մարդ, մահվան 12 դեպք է գրանցվել։

Արտակարգ դրությունը Վրաստանում գործում է մարտի 21-ից մինչև մինչև մայիսի 22-ը։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 652 դեպք է գրանցվել, ապաքինվել է 383 մարդ, մահացել՝ 12։

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
---