Գոգյան․ Բարեփոխումների՝ իմ ու ԿԳՄՍՆ-ի պատկերացումները տարբեր էին

Գոգյան․ Բարեփոխումների՝ իմ ու ԿԳՄՍՆ-ի պատկերացումները տարբեր էին

PanARMENIAN.Net - Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի պաշտոնից ազատման դիմում գրած Սմբատ Գոգյանը ներկայացրել է իր որոշման պատճառները՝ նշելով, որ այն 3 շերտ ունի։

«1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետերի տարբերությանը, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։

2. 2019-ի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև։

3. Նշանակումից երեք ամիս անց կնոջս հետ պայմանավորվեցինք, որ եթե նա ասի, որ մեծամտացել կամ հղփացել եմ, ապա նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրեմ։ Նա այդպիսի բան դեռ չի ասել, բայց իր կարծիքով ես սկսել եմ ավելի քիչ ուրախանալ։ Իսկապես, այս աշխատանքն ինձ սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը կտրուկ ընկել է»,-ասվում է գրառման մեջ։

ԲՈԿ նախագահը մայիսի 14–ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսին։ Նա ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---